«Նոր Հայաստանի» մամուլի ասուլիսը՝ Ազատության հրապարակից
Ազատության հրապարակում մեկնարկեց «Նոր Հայաստանի»՝ Ազատության հրապարակի ձևաչափով ասուլիսը, որը առաջիկա օրերին լինելու է ամեն օր՝ նույն վայրից: Ասուլիսին ներկա են Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Պետրոս Մակեյանը:
«Շարժումը նոր է թափ առնում»,-դիմելով մարդկանց՝ Վարուժան Ավետիսյանը մի քանի անձանց խնդրել մոտենալ խոսափողին և պատմել իրենց ոդիսականները` մարզերից Երևան գալու խոչընդոտները հաղթահարելիս:
Գյումրեցի Եղիշեն պատմեց, թե քանի փորձից է հաջողվել զարտուղի ճանապարհներով հասնել Երևան, մինչև որ գտել են «մի դուխով վարորդ», որը համաձայնել է իրենց խմբին Գյումրիից Երևան տեղափոխել:
Ըստ նրա՝ բազմաթիվ խոչընդոտների հաղթահարելու միջոցով գտած միկրոավտոբուսի վարորդը երեկ ժամը 15-ի մոտակայքում սակայն հրաժարվել է՝ երթուղի դուրս գալուց 15 րոպե առաջ։
«Կոնկրետ բառերով ահաբեկել էին, որ մենք չենք ուզում, որ մեր հոպարը զոհվի»,-փոխանցեց Եղիշեն:
Նա հավելեց, որ բազմաթիվ մարդիկ դրանից հիասթափված՝ գնացել տներով, բայց իրենց խումբը, նպատակ ունենալով պարտադիր լինել Երևանում՝ փոխանցելու Գյումրիի շունչը, փնտրել ու գտել են այլ վարորդների, բայց հետո նրանցից մեկն ասել է, որ ընտանիք ունի, չի կարող տանել, մյուսին կինն է զանգահարել՝ լաց եղել։
Վանաձորցի բանախոսը, որը նույնպես նմանատիպ պատմություններ պատմեց, կոչ արեց հայ ժողովրդին՝ ասելով, որ հաղթանակը շատ մոտ է:










