Էրդողանի նյարդերը չդիմացան. Ասադը բացահայտել է Սու-24-ի կործանման պատճառը

09:32 • 02.12.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չեխական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական օդանավի կործանմանը` այս հարցի շուրջ ներկայացնելով իր տեսակետը։

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, Սիրիայի ղեկավարի կարծիքով՝ թուրքական օդուժի գործողությունները պայմանավորված էին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անհանդուրժողականությամբ առ այն, որ Ռուսաստանը միջամտում է սիրիական հակամարտությանը:

 

Ասադի խոսքով՝ «Էրդողանի նյարդերը չդիմացան, տեղի տվեցին, քանի որ Ռուսաստանի միջամտության արդյունքում խախտվեց ուժերի հավասարակշռությունը»:

 

«Էրդողանի և նրա ահաբեկչական խմբավորումների տապալումը Սիրիայում տանում են դեպի Էրդողանի քաղաքական վախճանը։ Ահաբեկիչների դեմ պատերազմը շարունակվում է, և Ռուսաստանի տրամադրած աջակցությունն է՛լ ավելի կուժեղանա»,-նշել է Ասադը:

 

Նախագահը նաև հավելել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսական միջոցներ, զենք ու նոր հավաքագրված գրոհայիններ է ստանում հիմնականում Թուրքիայի տարածքով` Սաուդյան Արաբիայի և Քաթարի անմիջական աջակցությամբ։ Ասադը վստահություն է հայտնել, որ ահաբեկիչներին հաղթելու համար անհրաժեշտ է վերջնականապես փակել այդ ուղիները:


 

Էրդողանի նյարդերը չդիմացան. Ասադը բացահայտել է Սու-24-ի կործանման պատճառը