Դատական փորձաքննությունները կարգավորվում են տարբեր օրենսգրքերով ու չկա միասնական իրավական ակտ. Ա.Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեությունը կարգավորող օրենքի անհրաժեշտության մասին, ընդգծեց, որ թեև ոլորտը մինչ օրս կարգավորվում է դատավարական մի քանի օրենսգրքերով, սակայն կարևոր է ունենալ փորձագիտական ոլորտը կարգավորող միասնական իրավական ակտ։
«Դատավարական օրենսգրքերն այս կամ այն կերպ կարգավորում են դատավարությունների ընթացքում ծագող փորձաքննությանը վերաբերող հարցերը։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ քրեական դատավարության օրենսգրքում՝ որպես դատավարության մասնակցող անձ առկա է փորձագետին վերաբերող դրույթներ, բայց իրականում մի շարք հարցեր կան, որոնք անձի իրավունքների վրա ուղղակիորեն կարող են արտացոլվել, սակայն կարգավորված չեն որևէ ակտով։ Օրինակ՝ փորձաքննության համար ինչպիսի՞լիցենզավորում պետք է ունենա փորձագետը և նման մի շարք հարցեր»,-ասաց նա։
Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայումս ՀՀ-ում ընթանում են դատաիրավական բարեփոխումներ, ինչի շրջանակում էլ անհրաժեշտ է նշված ոլորտը ևս կարգավորել։
Հարցին, թե կարելի է ասել, որ մինչ օրս փորձաքննությունները սուբյեկտիվ ու կամայական դաշտում են եղել, նախարարը պատասխանեց, որ կխուսափի նման պնդում անելուց, որովհետև փորձաքննությունների ոչ պատշաճ որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու համար կան նաև դատավարական ընթացակարգեր ու մեխանիզմներ։
«Ի վերջո, ցանկացած փորձագետ քրեական դատավարության ժամանակ զգուշացվում է կեղծ եզրակացություն տալու դեպքում քրեական պատասխանատվություն ստանալու մասին։ Խնդիրը նրանում է, որ պետք է լինեն այնպիսի մեխանիզմներ, որոնք մեզ արդյունավետորեն ու արագ արձագանքման հնարավորություն կտան ու նաև ոչ միայն հետևանքների վերացման, այլ առաջին հերթին կանխարգելման փուլում։ Պետք է փորձագետների որակավորման համար նախատեսել այնպիսի պահանջներ, որոնք մեզ հնարավորություն կտան ոլորտը կարգավորել ու դնել ճիշտ ռելսերի վրա»,-ասաց նախարարը։










