Կապանում 76-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը. նա կալանավորվել է

19:47 • 02.12.15

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով 76-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է առաջադրվել  տուժողի կնոջը. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։


76-ամյա Ռ.Հակոբյանի դին հայտնաբերվել է 2015 թվականի նոյեմբերի 29-ին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով,  իր տան բազմոցին պառկած։ Դեպքի վարի զննությամբ տուժողի կնոջ մահճակալի տակից հայտնաբերվել է կացին և մուրճ՝ արնանման հետքերով: Նմանատիպ հետքեր են հայտնաբերվել նաև  կնոջ հողաթափերի վրա:


Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  Ռ.Հակոբյանի 64-ամյա կնոջն այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):


Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։


Նկատի ունենալով, որ սպանության մեջ մեղադրվող կինը 1976 թվականից հաշվառված է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում՝ նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։


Նախաքննությունը շարունակվում է:
 

Կապանում 76-ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի կնոջը. նա կալանավորվել է