Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը Ռուսաստանում գնաճի պատճառ չի դառնա. ռուս նախարար
2016 թվականի հունվարի 1-ից թուրքական մի շարք ապրանքների ներկրման արգելքը չի անդրադառնա ռուսաստանյան խանութներում ապրանքների գների վրա։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին ասել է առևտրաարդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։
«Չեմ կարծում, որ արգելքը կանդրադառնա ՌԴ-ում ապրանքների գների վրա։ Ինչո՞ւ, որովհետև առաջին հերթին դա վաղվանից չի արվելու, այլ մեկ ամիս կա, և այդ ընթացքում առևտրային ցանցերը կարող են կենտրոնանալ այլ արտադրողների ու այլ շուկաների վրա»,- ասել է նա լրագրողներին։
Ռուսաստանը հունվարի 1-ից արգելել է Թուրքիայից մի շարք ապրանքների, մասնավորապես՝ միրգ-բանջարեղենի ներկրումը՝ վերջին շրջանում թուրքական օդուժի կողմից Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամի ֆոնին։










