Ադրբեջանական Նարդարանում նոր գործողություն է տեղի ունեցել. ձերբակալվել է մոտ 20 մարդ
Նարդարանում դեկտեմբերի 1-ին ուժայինների հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է մոտ 20 մարդ։ Այդ մասին Turan գործակալությանը հայտնել է գյուղի ավագանու խորհրդի ղեկավար Նաթիգ Քերիմովը։
Նրա խոսքով՝ ոստիկանական գործողության նպատակը եղել է զենք հավաքելը։ Մասնավորապես՝ ներքին գործերի փոխնախարար Վիլայաթ Էյվազովը հանդիպել է տեղի բնակիչների խմբի հետ, որի ընթացքում հայտնել է զենքերը հանձնելու մասին:
Քերիմովը նաև տեղի բնակիչներին կոչ է արել հանձնել զենքերը, եթե ունեն:
«Եթե ես իմանայի, թե ում մոտ զենք կա, ինքս կվերցնեի դա ու կհանձնեի պետությանը»,- ասել է Քերիմովը:
Նա հույս է հայտնել, որ ձերբակալվածներն ազատ կարձակվեն, քանի որ վերջիններիս հարազատներից շատերի համաձայն՝ նրանք որևէ հակաօրինական գործողություն չեն կատարել:
Ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Շահին Մամեդովն իր հերթին հայտնել է, որ «հատուկ օպերատիվ միջոցառումները Նարդարանում շարունակվելու են մինչև իրենց առջև դրված հանձնարարությունների վերջնական կատարումն ու բնակավայրի անվտանգության ապահովումը»։
Հիշեցնենք, որ Նարդարանում վերջին օրերին լարված իրադրություն է: Իշխանությունների պնդմամբ՝ Նարդարանում ծայրահեղականները հեղաշրջման փորձ էին նախապատրաստել, սակայն տեղի բնակիչները կտրականապես հերքում են այդ պնդումները։










