«Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)

18:41 • 02.12.15

Թ Ա Ր Մ Ա Ց Վ ՈՒ Մ Է 
 

Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքը։ Հանրահավաքից առաջ տեղի էր ունեցել իրազեկման երթ։


Առաջարկում ենք հանրահավաքին հետևել ուղիղ եթերով։ Տեքստային թարմացումները՝ ստորև։
 

22։24

Ազատության հրապարակում քոչարի են պարում

 

Ազատության հրապարակ վերադարձած երթի մասնակիցները քոչարի են պարում:


«Մենք գնում ենք աննախադեպ հաղթանակի մեր ժողովրդի հետ և արդեն քանակական տեսություններն անցյալ կատարյալ են: Իմ գնահատականն այլևս կարևոր չէ»,- ասաց Րաֆֆի  Հովհաննիսյանը:


Նախքան այդ նա հայտարարեց, որ ժողովրդի շտաբը՝ իշխանությունը բնակվում է Ազատության հրապարակում:


«Ամեն մեկը, կարծում եմ, հասկանում է, թե որտեղ ենք, որտեղ ենք մեր կյանքում և Հայաստանի պատմագրության մեջ»,- դիմելով ճանապարհակիցներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը ու հավելեց.«Մենք այս աշխարհից չպիտի հեռանանք պարտքը չկատարած»:


«ժառանգության» առաջնորդը  կոչ արեց տեխնոլոգիական այս դարաշրջանում առաջ գալ մարդկային դաշտ՝ վեր կենալով համակարգիչների առջևից  ու գալ դեպի մարդկային դաշտ, դուրս գալ սեփական հատվածից:


22։01

Եթե վրաններ տեղադրելու հարցը մի քիչ էլ ուշացնեն, չի բացառվում, որ բարձրաստիճան ոստիկաններին ստիպենք իրենց ձեռքերով խփեն վրանները. Սեֆիլյան
 

«Նոր Հայաստան» շարժումն ավարտեց իր երթը` վերադառնալով Ազատության հրապարակ: Երթից հետո Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, թե իրենցից հզորը չկա, իրենք արդեն հաղթել են:


«Մի քանի օր էլ մնանք այստեղ, երթ անենք` ժամերով, ֆիզիկապես լավ կկոփվենք, հարազատ ենք զգալու այս վայրը, չեմ կասկածում, որ սա բոլորիս տունն է դառնալու»,- ասաց Սեֆիլյանը:


Ինչ վերաբերում է նրան, որ Ազատության հրապարակում ոստիկանությունը չի թույլատրում վրաններ տեղադրել, Սեֆիլյանը հակադարձեց. «Եթե մի քիչ էլ ուշացնեն, չթույլատրեն, չի բացառվում, որ ստիպենք բարձրաստիճան ոստիկաններին գան իրենց ձեռքերով խփեն վրանները»:

 


 


21։21

Երթի մասնակիցները ԿԸՀ առաջ են

«Նոր Հայաստան» միավորման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք: ԿԸՀ-ն շրջապատված է ոստիկանական պատով, բոլորը սաղավարտներով, վահաններով, մահակներով են: Շենքին մոտենալուն պես երթի մասնակիցները սկսեցին սուլել, վանկարկել` «մի-ա-ցում», «ա-մոթ»:


Ապա Անդրիաս Ղուկասյանը խոսափողով հայտարարեց, թե հենց այս շենքում են կատարվում իշխանության յուրացման հաստատման երևույթները; «Մենք եկել ենք, որ շոշափենք իրենց վախը: Մեր ներկայությունը պիտի ցույց տա, որ միշտ չէ, որ իրենց հանցագործությունը մնալու է անհետևանք: Ինչքան ոստիկան կա այստեղ, այնքան մեծ է իրենց վախը»,- ասաց նա:


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ հայտարարեց, որ ԿԸՀ-ն չպետք է զբաղվեր հանրաքվեի նախապատրաստման աշխատանքներով: «Դուք կատարում եք մի մարդու կամքը, որը հեռացման էր արժանի: Մեր նպատակը հանրաքվեի կասեցումն է ու գլխավոր հասցեատերն այս շենքում է, անկախ նրանից, ինքն այստեղ է թե ոչ,պատերն իրեն վաղը կփոխանցեն»,- նշեց Հայրիկյանը ու կոչ արեց` «կասեցում»:


Գարեգին Չուգասզյանն էլ դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ով ԿԸՀ շենքը պահող ոստիկանների շարքում էր կանգնած: «Եթե փոխվում է հիմնական օրենքը, պիտի գիտակցեք, որ ժողովրդին ոչ թե հակադրություն է պետք, այլ` համաձայնություն: Մենք խաղաղ ճանապարհով դիմադրելու ենք ձեզ, ձեր նմաններին»: Հմայակ Հովհաննիսյանն էլ նկատեց, թե ոստիկանությունը շարքով կանգնել է, որ իրենց հետ նկարվի, բայց «եթե ուզում էիք նկարվեիք, գայիք նկարվեիք, ինչո՞ւ եք այդտեղ, անհասկանալի է, ձեզ փորձում են ներքաշել այս գործընթացի մեջ»: Հովհաննիսյանը հեգնեց, թե Օսիպյանը վախենում է, որ ոստիկանական շարքերում կանգնած երիտասարդները միանան իրենց, դրա համար «ականջները տամպոններ է մտցրել, որ բան չլսեն»:

Ժիրայր Սեֆիլանն էլ հայտնեց, որ մինչև իրենց պահանջները կյանքի չկոչվեն, իրենք այսուհետ երթի ժամանակ մնալու են այնտեղ, որտեղ ցանկանան. «Գնալու ենք այս շենքի կամ այլ շենքի առաջ կանգնենք ու այլևս այդտեղից չենք շարժվի, մինչև այս ռեժիմը չհեռանա»:


Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց «Նոր Հայաստան» շարժման երթը: Մինչև երթի մեկնարկը ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներին նախազգուշացրեց, որ նախապես պայմանավորված երթուղուց շեղվելու պարագայում իրավապահ մարմինները դիմելու են այլ միջոցների:
 


 

20:47

Ոստիկանությունը նախազգուշացնում է` երթուղուց շեղվելու պարագայում կանցնեն այլ միջոցների
 

Քիչ առաջ Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց «Նոր Հայաստան» շարժման երթը: Մինչև երթի մեկնարկը ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներին նախազգուշացրեց, որ նախապես պայմանավորված երթուղուց շեղվելու պարագայում իրավապահ մարմինները դիմելու են այլ միջոցների:


Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ երթը պիտի շարժվի Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ ճանապարհներով:


«Ցանկացած խախտում դիտվելու է որպես օրենքի խախտում, որը սահմանում է պատասխանատվություն` հավաքի կազմակերպչի համար: Ուստի հորդորում եմ զերծ մնալ երթուղուց շեղվել, հակառակ դեպքում, մենք կդիմենք այլ միջոցների»,- ասաց ոստիկանը:


Երթի մասնակիցները շարժվեցին: Ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը. Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը ձեռք ձեռքի տված քայլում են փողոցի երկայնքով:


20:36

Մենք պիտի մատուցենք աննախադեպ հանգուցալուծում ու ունենանք նոր Հայաստան` ժողովրդին պատկանող իշխանությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան

 

Եթե ոստիկանությունը մեզ ուզում է երթուղուց շեղվելու համար վարչական պատասխանատվության ենթարկի, թող ենթարկի: Այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման կողմից հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:


Ապա, դիմելով ժողովրդին, Հովհաննիսյանը հարցրեց, վարչական պատասխանատվությանը ենթարկելը մեզ համար պրոբլե՞մ է: «Ենթարկեցեք վարչականից ավելի պատասխանատվության, եթե կարծում եք`արժանի եք»,- հավելեց նա:


Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Հայաստանի համար Սահմանադրությունը, ՀՀ ինքնիշխանությունը կարևոր են: «Ժառանգության» նախագահի խոսքով` այսքանից հետո իշխանություններին այլ բան չի մնում, քան` «գլխաքանակը հաշվելը»:


«Ուրիշ բան չունեն անելու, հասկացեք, իսկ ես պատկանում եմ հայ ժողովրդի մեծամասնությանը, որը գիտի, որ որակն ու քանակը իմի պետք է գա մեր օրինակով: Մենք պիտի մատուցենք աննախադեպ հանգուցալուծում ու ունենանք նոր Հայաստան` ժողովրդին պատկանող իշխանությամբ: Իրենք ասում են` կենաց մահու պայքար չէ: Պատկերացրեք, այսքանից հետո, պետական փողերն օգտագործելով, ժողովրդի վերջին խնայողությունները օգտագործելով, ասում են, դե թող չանցնի, եթե չանցնի, Սերժ Սարգսյանից վարչապետ կսարքենք»,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
 




20.07

Իշխանափոխությունից հետո առաջարկում ենք 18 000 ոստիկաններից 10 000-ին տեղափոխել պայմանագրային զինծառայության. Պետրոս Մակեյան


«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը Ազատության հրապարակից հայտարարեց, թե ոստիկանները 2000 թ-ից այս կողմ չեն փոխվել և միշտ էլ հրահանգների դաշտում են աշխատել և ոչ թե օրենքի:


Նա հղում անելով Անդրիաս Ղուկասյանի հրապարակած թվին, որ ՀՀ-ում աշխատում են  թվով 18 000 ոստիկան, նշեց, որ նման աղքատ երկում այս թվաքանակը շատ է և դա միայն նրա համար է, որ շարունակեն զոռբայությամբ պահել իշխանությունը:


«Նրանց նպատակը ոչ թե հանցագործներին բռնելն է, կանխելն է, հիմնական նպատակը քաղաքական գործընթացում ներգրավել է: Առաջարկում ենք առաջիկա իշխանափոխությունից հետո ոստիկանության 10 000-ին տեղափոխել պայմանագրային զինծառայության, որ նրանք պահեն մեր սահմանը 18-20 տարեկան երեխաների հետ, ոչ թե գան մեր քաղաքացիներին ճնշեն»,-ասաց նա: 


Ըստ Մակեյանի՝ ամեն ինչ կախված է մեզնից: «Եթե թույլ տանք սրանք շարունակելու են ևս տասնամյակներ հոշոտել երկիրը, սրանից հետո իմացեք, կա մի ժողովրդի շերտ, որ համակարգիչներից Ազատության հրապարակ տեղափոխվի այդ հարցը ժամերի անց կլուծվի»,-ասաց նա:
 



20.18

ՀՀՇ–ն հզոր քաղաքական ուժ էր, որը փոշիացավ իր առաջնորդի պաշտոնամոլության պատճառով. Ֆիզիկոս


Ֆիզիկոս Գայանե Բաղդասարյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակում «Նոր Հայաստան« հանրային փրկության ճակատի հանրահավաքին, հայտարարեց. «Մեր երկրում բացասական բաներն այնքան խորն արմատներ ունեն, որ միայն քաղաքացիական շարժումներով այն հնարավոր չէ լուծել: Անպայման պետք է կասեցվի այս սահմանադրական փոփոխությունների ընթացքը: Անտեսվել է մեր քաղաքացիների մի մեծ խմբի քաղաքացիական իրավունքները: Ինչ է նշանակում սահմանադրությունը խախտելով այն բարեփոխել»:


Նրա խոսքով՝ այս ամենի մեջ ամեն դեպքում մի լավ, դրական բան կա, դրանք բաց, հրապարակավ բանավեճերն են, որոնք շատ լավ նվեր են քաղաքացիներին:


«Եկեք բոլորս միասին հիշենք, Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունից հեռացավ ոչ թե հանրության պահանջով, ոչ թե քաղաքական քննարկումների արդյունքում, ոչ թե հիմնավորված մեղադրանքների հետևանքով, այլ իր իսկ քաղաքական թիմի ճնշման տակ: Նա բաց թողեց քաղաքական պարտության հնարավորությունը և նվաճեց խայտառակ պարտություն: Իր այդ իշխանապաշտության մոլուցքով այնպիսի հարված հասցրեց իր իսկ քաղաքական թիմին, որ նրա հետագա գործունեությունը դարձրեց անհնար: Շատ եմ ցավում ՀՀՇ կուսակցության համար, դա հզոր քաղաքական ուժ էր, որը փոշիացավ իր առաջնորդի պաշտոնամոլության պատճառով»,- հայտարարեց ֆիզիկոս Գայանե Բաղդասարյանը:


ՀՀՇ կուսակցության համար, դա հզոր քաղաքական ուժ էր, որը փոշիացավ իր առաջնորդի պաշտոնամոլության պատճառով։



19.56

Մենք ցույց տվեցինք, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ չէ. Անդրիաս Ղուկասյան


«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը Ազատության հրապարակում անհրաժեշտ համարեց հստակեցնել իրենց քայլերի տրամաբանությունը: Ըստ նրա, երեկ իրենք փորձեցին գնալ ՀՀԿ գրասենյակի մոտ երթով, քանի որ ուզում էին իշխանություններին անակնկալի բերել և այդ իսկ պատճառով չէին իրազեկել:


«Մենք կարող էինք հանկարծակի հայտնվել իրենց գրասենյակի դիմաց և դուռը բացել, մենք իհարկե նպատակ չունեինք դուռը բացել, ուղղակի ցույց տվեցինք, որ իրավիճակը չի գտնվում իրենց վերահսկողության տակ»,-ասաց նա և հավելեց, թե, իհարկե, ոստիկանությունն իրենց խոչընդոտեց, ինչն լ որոշ չափով կասեցրեց թափը:


Ըստ նրա՝ այսօր երթով կլինեն ԿԸՀ-ի ի դիմաց, և ցույց կտան որտեղ են դնում այն նշանները և որտեղ լինելու ժողովրդի ճնշումները: «Մեզ համար կարևոր ժամանակաշրջան է, պետք է փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորվի, մենք անում ենք ամեն ինչ,  ինչ հնարավոր է անել քրեական ռեժիմի պայմաներում»:


«Կոչ եմ անում համարձակ լինել, հետևողական, այս օրերից կախված է մեր երկրի ճակատագիրը: Եթե համախմբվածություն ստեղծենք՝ հաղթելու ենք: Ոստիկաները 18 հազար մարդ ունեն, 30 000 հավաքը արդեն բացառում է ոստիկանության ուժի կիրառումը»,-ասաց նա:


Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ այսօրվա իրադարձությունները, մանր բաներով խոչընդոտելը վկայում է, որ կաշկանդված են: «Այսինքն՝ հասել ենք, ինչ նպատակ դրել ենք, պետք է ճնշումը շարունակենք, հաղթելու ենք»,-ասաց նա:
 

 



19.35

Մենք ոչնչով պակաս չէ Ուկրաինայից և հասնելու ենք այդպիսի հաղթանակի. Հովսեփ Խուրշուդյան
 

Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամ Հովսեփ Խուրշուդյանն ընթերցեց Կիևում տեղի ունեցած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ ընդունված բանաձևը:


«Մեզ համար շատ կարևոր է այն հանգամանքը, որ վերջերս Կիևում տեղի ունեցած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին 250 կազմակերպություն ԱլԳ 6 երկրներից և ԵՄ մի քանի երկրներից, իսկ ընդհանրապես ֆորումին ընդգրկում էր շուրջ հազար կազմակերպություն: Ընդունվեց մի բանաձև նվիրված հենց Հայաստանում սահմանադրական փոփոխությունների այս գործընթացին, որը պետք է հետաքրքրություն առաջացնի թե՛ մեզ, թե՛ այն միջազգային կազմակերպությունների համար, որոնք այսօր հետևում են այս գործընթացին: Բանաձևն ընդունվել է միաձայն»,- հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը:


«Հատկանշական է, որ այս փաստաթուղթն ընդունվել է մի երկրի մայրաքաղաքում, որի հերոսական ժողովուրդը տակավին վերջերս վռնդեց իր բռնակալին, հաղթահարեց իր կեղեքիչների ռեժիմը, մաքառելով ձմեռային սառանամանիքին, անցնելով բոլոր դժվարությունների միջով: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը ոչնչով պակաս չէ Ուկրաինայի ժողովրդից և մենք վաղ թե ուշ հասնելու ենք նմանապես հաղթանակի»,-եզրափակեց Հովսեփ Խուրշուդյանը:



19.28

Բացարձակ կասկած չունեմ, որ առաջարկված սահմանադրական փոփոխությունները չեն անցնելու. Հրանուշ Խառատյան


Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տեսակետ հայտնեց, թե բացարձակ կասկած չունի, որ առաջարկված սահմանադրական փոփոխությունները չեն անցնելու:


«Բայց անկախ նրանից կանցնի, թե ոչ, բայց էն տեքստը, որ ներկայացված է որպես բարեփոխում, հիանալի ցույց է տալիս, թե այն նախաձեռնող իշխանության էությունն ինչպիսին է»,-ասաց նա:


Ըստ նրա՝ նոր Սահմանադրության հայեցակարգում գրված է, որ քանի որ Հայաստանը ընտրել շուկայական տնտեսության ճանապարհը, այն անխուսափելիորեն բերում է սոցիալական անհավասարության:


«Այսինքն՝ ՀՀ-ի պետությունը և քվեարկելու դեպքում նաև ժողովուրդը ընտրել է իր համար սոցիալական անհավասարությունը որպես կյանքի սկզբունք»,- ասաց նա և հավաքվածներին հարցրեց, թե ընտրել ենք մենք, թե ոչ: Հավաքվածները բացականչեցին՝ «ոչ»:


«Մեր պատվերն այն է, որ նույնիսկ այո, շուկայական տնտեսության պայմաններում օրենքը կարևորում են, որ հասարակության մեջ այսպիսի բևեռներ չառաջանան»,- ասաց նա և ևս մեկ եզրակացություն արեց, թե առաջացած փոփոխություններով եթե այս Սահմանադրությունն անցնի, լիովին իրավունք ունի պետությունը որևէ  մեկին թոշակ չտալ:



19.14

«Ոչ»-ի շարժման գործերը հրաշալի է և հաղթանակը անկասելի է. Արշակ Մուսախանյան


Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքին «Չենք անցկացնի» նախաձեռնության վարչության անդամ Արշակ Մուսախանյանն իր ելույթում ասաց, որ «ոչ»-ի շարժման գործերը հրաշալի են և հաղթանակը անկասելի է:


«Ոչ-ի քարոզչությունն՝ իր նոր մոտեցումներով և ամենակարևորը քաղաքացիների հետ անկեղծ խոսակցությամբ պարզապես ջախջախել է «այո-ի» քարոզչությանը, որովհետև ասել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծն իշխանությունների վերարտադրության մեխանիզմն է, իսկ մեր քաղաքացիների համար դա անընդունելի երևույթ է»,-ասաց նա:


Ըստ նրա՝ երեկ «Նոր Հայաստանը» հանրահավաքը չափեց իշխանության վախը և նշեց, որ իշխանությունները սարսափելու հիմքեր ունեն: «Հավատացեք մենք կամք ենք ցուցադրում, այստեղ ինչ կատարվում է, կամքի ցուցադրություն է: Մենք ամեն ինչ անելու ենք, բոլոր ուղղություններով աշխատելու ենք, որպեսզի հասնենք այս գործընթացի տապալմանը և վերջապես Հայաստանում փոփոխությունների հույս առաջացնենք»,-ասաց նա:
 



19.10

Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ընդդիմությունը միասնական չէ, վաղը կհամոզվեն, որ այդպես չէ. Արմեն Մարտիրոսյան


Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքին «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն մարտիրոսյանը նշեց, որ երեկ բավականին հաջող ընթացավ առաջին քաղաքացիական անհնազանդությունը, ինչի ծավալները օր օրի մեծացնելու են ու հասնելու են փոփոխությունների:


«Մենք միասնական առաջ ենք շարժվելու: Կարծում եմ ավելի հետաքրքիր զարգացումներ ենք ունենալու: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ընդդիմությունը միասնական չէ, վաղը ևս մեկ անգամ կհազմովեն, որ միասնական է»,- վստահեցրեց Արմեն Մարտիրոսյանը:


Նա անդրադարձավ ՀՀ ոստիկանության գործողություններին և նշեց, որ երեկ և այսօր ապօրինի հրամաններ եղան՝ «պաշտպանելու կուսակցապետությունը»:


«Ովքեր առաջին շարքում էին, անմիջապես ոստիկանների հետ էին առնչվում, բոլորը մեկ հարցում համոզված են՝ այն հայացքը, այն շնչառությունը, որ ունեին ոստիկանները, նրանց 80%-ից ավելին նոր Հայաստանի ոստիկաններ էին, ու պայքարի արդյունքում անցնելու են մեր կողքը, հոգեպես մեր կողքն են ու ֆիզիկապես էլ են գալու»,-ասաց նա:
 



18.57


Երեկ Ազատության հրապարակում հնչեցին հավատի զանգերը. Հմայակ Հովհաննիսյան


Երեկ այս հրապարակում հնչեցին մեծն Շիրազի բնութագրմամբ՝ հավատի զանգերը և դրան ունկնդիր էին 170 000 մեր համաքաղաքացիներ. Ազատության հրապարակում հայտարարեց «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամ Հմայակ Հովհաննիսյանը:


«Այսինքն՝ կարելի է ասել, որ երեկվա հավաքին մասնակցել է 200 000 հայ մարդ, ովքեր իրենց ուշադրության կենտրոնում են պահել ու շունչները պահած հետևել մեր խոսքերին, գործողություններին»,-ասաց նա:


Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ քաղխորհուրդը որոշում է կայացրել հենց Ազատության հրապարակում տեղադրել նախընտրական միասնական շտաբը, որն ըստ նրա՝ կլինի համախմբված ընդդիմության միասնական շտաբ:


Քաղաքագետը նշեց, որ այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ այս հանրաքվեն իրենց համար կենաց-մահու հարց չէ. «Բայց մենք ասում ենք՝ կենաց-մահու հարց է, որովհետև մեզ համար կենաց-մահու հարց է մեր պետության լինել- չլինելը: Մենք պահանջում ենք, որ այս ապօրինի գործընթացը կասեցվի, որովհետև այս հանրաքվեի անվան տակ փորձ է արվում օրինականացնել ժողովրդի իշխանության յուրացումը»:




 



18.53

Դիմադրությունը պետք է հաղթահարենք անհնազանդության խաղաղ գործողություններով. Վարուժան Ավետիսյան


Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանն իր ելույթում անդրադարձավ ոստիկանության գործունեությանը և նշեց, որ ոստիկանությունն անընդհատ փորձում էր խոչընդոտներ հարուցել հովանոցներ տեղադրելու, իրերը բերելու հարցում:


Նա ներկայացրեց ոստիկանության կողմից իրականացրած երկու «արտառոց» դեպք և ասաց, որ «Ճղճիմ մակարդակի վրա է այսօր վարչախումբը»:


«Անկախ իր ունեցած լծակներից և հնարավորություններից մենք գործ ունենք ցածր ու փոքր մարդկանց հետ, և դա ևս հիմք և ապացույց, որ մենք կարող ենք հաղթահարել նրանց ճնշումը և դիմադրությունը»,- ասաց նա:


Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ոչ մեկն էլ երազներով չի ապրում և բոլորն էլ հասկանում են, որ կա դիմադրություն: «Այդ դիմադրությունը մենք պետք է հաղթահարենք մեր խաղաղ անհնազանդության գործողություններով, մենք պետք է ճնշենք և հասնենք արդյունքի»,-ասաց նա:



18.45

Ժողովրդին զերծ պահելով սադրանքներից՝ պետք է առաջ տանենք մեր հիմնական նպատակը. Գարեգին Չուգասզյան


Առաջինը Ազատության հրապարակում ելույթ ունեցավ «Նոր Հայաստանի» մաս կազմող Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը և նշեց, որ «Նոր Հայաստանի» նախաձեռնած «հանրահավաքներն անցնում են ռեժիմի կողմից հոգեբանական պատերազմ սանձազերծելու պայմաններում»:


«Ու դրանով հենց ռեժիմը մերկացնում է իր հակաժողովրդավարական բնույթը, որովհետև հանրաքվեի շեմին հանրապետությունում ունենալ այսպիսի մթնոլորտ, նշանակում է, որ իրենք որևէ կերպ մտադիր չեն ստեղծել ավելի ժողովրդավար երկիր: Մեր երկրում առկա է տրանսպորտային բլոկադա»,-ասաց նա:


Գարեգին Չուգասզյանն ընդգծեց, որ իշխանությունները թույլ չեն տալիս իրենց միացնել պատշաճ բարձևախոսներ:


«Ինչպե՞ս կարող ենք բազմահազար ժողովրդին կառավարել առանց ունենալու բարձրախոսներ, ստեղծվեց սադրանքի միջավայր, բայց շնորհիվ մեր բարձր կազմակերպվածության, սադրանքները հաղթահարեցինք: Կարևոր է, որ հաղթահարենք ժողովրդի այս վիճակը: Ժողովրդին զերծ պահելով սադրանքներից պետք է առաջ տանենք մեր հիմնական նպատակը՝ չեղարկենք սահմանադարական փոփոխությունները»,-ասաց նա:


Գարեգն Չուգասզյանն ընդգծեց, որ երեկ օնլայն տարբերակով իրենց հետևել 170 հազ. մարդ, ինչը նշանակում է, որ երկրում իրազեկման բլոկադան պատռված է:
 


 

«Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)