Գործարար Ստերլիգովին հարցաքննել են Լեռնային Ղարաբաղ այցելելու գործով
ՌԴ Քննչական կոմիտեն հարցաքննել է գործարար Գերման Ստերլիգովին, որին ադրբեջանական իշխանությունները մեղադրում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Վերջերս ինձ կանչեցին Քննչական կոմիտե, որտեղ երկու աշխատակիցներ ինձնից ցուցմունք վերցրին: Հարցերն ընդհանուր առմամբ առնչվում էին այն մեղադրանքներին, որոնք ինձ ներկայացրել է ադրբեջանական կողմը, ինչպես նաև՝ ինձ արտահանձնելուն»,- հայտարարել է Ստերլիգովը:
Գործարարի խոսքով՝ քննիչներն իրեն ասել են, որ «ռուսներն իրենց քաղաքացիներին չեն հանձնի», և արտահանձնման մասին խոսք չկա:
Բաքուն Ստերլիգովին մեղադրում է առանց իրենց թույլտվության ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ստերլիգովի նկատմամբ, սակայն գործարարի հավաստմամբ՝ Ինտերպոլը դադարեցրել է իր հետախուզումը:










