Հայաստանում բեմադրվեց առաջին ներառական տիկնիկային ներկայացումը. Արմեն Ալավերդյան
Հայաստանում պաշտոնապես գրանցված են 201242 հաշմանդամություն ունեցող անձինք: Ոլորտում առկա խնդիրները բազմազան են, իսկ դրանց լուծումները` ոչ միշտ արդյունավետ, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն՝ անդրադառնալով ՀՀ-ում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին։
«Չնայած մայրաքաղաքում միջավայրի և հասարակական տրանսպորտի ֆիզիկական մատչելիության բնագավառում վերջին տարիներին գրանցված զգալի առաջընթացին, ամբողջ երկրի մակարդակով իրավիճակը մնում է անմխիթար»,- նշեց Արմեն Ալավերդյանը և հավելեց, որ Հայաստանը որդեգրել է ներառական կրթության քաղաքականությունը, սակայն դրա իրացումը հանրակրթության ոլորտում դեռևս թերի է ճարտարապետական և ծրագրային խոչընդոտների պատճառով:
Ալավերդյանը տեղեկացրեց նաև.«Բուհերը մեծամասամբ անհասանելի են հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար: Որպես արդյունք, աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց միայն 8 տոկոսն է ներկայումս ապահովված աշխատանքով: Մշակութային վայրերի մեծամասնությունը ֆիզիկապես մատչելի չէ տեղաշարժման դժվարություններ ունեցող արվեստասերների և կատարողների համար»:
Տեղեկացնենք, որ «Ունիսոն» ՀԿ-ն ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հ.Ք.Անդերսենի հեքիաթի հիման վրա բեմադրեց Հայաստանում առաջին ներառական տիկնիկային ներկայացումը, որի ռեժիսորը` Սամսոն Մովսեսյանն է:
Tert.am-ը Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց նաև, թե ինչպե՞ս հղացավ «Սոխակը» ներառական տիկնիկային ներկայացման միտքը և ո՞րն է նպատակը:
«Նախաձեռնության հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց մշակութային ներառման խթանումն էր և նրանց ստեղծագործական ներուժի ներկայացումը հանրությանը: Մտահղացման հեղինակները ցանկանում էին առաջ քաշել այն գաղափարը, որ միշտ անհրաժեշտ է շեշտը դնել ոչ թե անձի հաշմանդամության, այլ կարողությունների ու հմտությունների վրա»,- տեղեկացրեց Ալավերդյանը:
Արմեն Ալավերդյանը, խոսելով ներկայացման մասին, ասաց, որ ներկայացումն, իրոք, ներառական էր, քանի որ որպես տիկնիկավարներ հանդես եկան հաշմանդամություն ունեցող և չունեցող անձինք.«Մասնակիցների մեջ կային սայլակ օգտագործող, մտավոր խնդիր ունեցող, վերջույթների անդամահատումներ, տեսողական և այլ խնդիրներ ունեցող երիտասարդներ: Սակայն այդ բոլոր խնդիրները «թաքնված» էին հանդիսատեսից բուն ներկայացման ժամանակ»:
«Միայն ներկայացման ավարտին` դերակատարների խոնարհման ժամանակ, դահլիճում հավաքված հարյուրավոր երեխաների և ծնողների համար տեսանելի դարձավ մասնակիցների շատերի հաշմանդամությունը»,- խոսքը եզրափակեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը:
Հավելենք նաև, որ ներկայացմանը նաև մասնակցել են միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար` Մանուէլ Օհանյան), որի անդամները սայլակ օգտագործող և այլ հաշմանդամություն ունեցող երգիչներ են, Հայաստանի ճապոնական կարատեի ֆեդերացիայի սաները (այդ թվում` սայլակավոր կարատեիստը) և խուլ օրիորդների պարային խումբը (պարուսույց` Ելենա Արմազան): «Սոխակը» ներկայացման հիման վրա նկարահանվել են տեսահոլովակ և տեսաֆիլմ (ռեժիսոր` Արփի Մաղաքյան):










