Թուրքիան Ֆրանսիային թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքն ԻՊ-ի դեմ գործողությունների համար. լրատվամիջոցներ
Թուրքիայի իշխանությունները թույլատրել են Ֆրանսիային օգտագործել երկրի օդային տարածքը «Իսլամական պետություն» խմբավորմանը հարվածներ հասցնելու համար, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը՝ դիվանագիտական աղբյուրների հղումով:
Այդ թույլտվությունը տրվել է կոալիցիայի երկրների համար գործող ընդհանուր սկզբունքները պահպանելու պայմանով:
Ֆրանսիան ներառված է այն 65 երկրների կոալիցիայի կազմում, որոնք մասնակցում են ԻՊ-ի ռմբակոծումներին Իրաքում ու Սիրիայում և գործում են առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցնելու:
Պաշտոնական Փարիզը Սիրիայի տարածքում ռմբակոծություններն ինտենսիվացրել ու Սիրիայի ափերին ավիակիր էր մոտեցրել՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որին զոհ է գնացել շուրջ 130 մարդ։










