Ով մեր պետությունից մարդ է մորթում, նա չպիտի ապրի. Կադիրովը հաստատել է ԻՊ-ի կողմից ռուսաստանցու սպանության մասին լուրը
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրապարակած տեսանյութի իսկությունը, որում նկարահանվել է «ռուս լրտեսի» սպանությունը, գրում է meduza.io-ն։
«Այո, նա ռուսաստանցի է՝ չեչեն, նրան գլխատել են»,- ասել է Կադիրովը։
Նա խոստացել է պատժել մարդասպանին։ «Ով մեր պետությունից մարդ է մորթում, նա չպիտի ապրի»,- ասել է Կադիրովը։ Նա, միևնույն ժամանակ, հերքել է ԻՊ-ի հայտարարությունը, թե այդ մարդն աշխատել է հետախուզության համար։
ԻՊ-ը դեկտեմբերի 2-ին հրապարակել է տեսանյութ, որում նկարահանվել է «ռուս լրտեսի» սպանությունը։ Տեսանյութը վերնագրված է եղել «Դուք՝ ռուսներ, կհիասթափվեք ու կստորացվեք»։










