«Հիշում եմ և պահանջում» խորագրով մրցույթի հաղթողները պարգևատրվեցին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում այսօր տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Պարգևները հանձնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հաղթողները պարգևատրվեցին ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով և նվերներով:
Իր խոսքում Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի շրջանակներում սա հերթական նախաձեռնություններից մեկն էր: Նա նշեց, որ ստացել են հազարից ավելի շարադրություններ, առաջին փուլում ընտրվել է 200-ը, հետո լավագույն 15-ը, որից լավագույնից լավագույնը 5-ն են ճանաչվել:
«Սակայն այսօր պարգևատրվեցին 15 շարադրությունների հեղինակներն, որոնք ամենաանկեղծն ու ազնիվ տպավորությունը թողեցին: Վատ շարադրություն չկար, իրականում, բոլորն էլ լավն էին»,-ասաց նախարարը:
Լոռու մարզի Վահագնի գյուղի 12-րդ դասարանի պարգևատրված աշակերտուհի Սարգսյանի Մանեն ասաց, որ թեման իրեն շատ հարազատ էր: «Թեման գրելու ժամանակ ուզում էի այդ շարադրության միջոցով ամբողջ աշխարհին ասեի իմ ներսի զգացողությունները: Շարադրության շեշտադրումը հիմնականում դրված էր այն փոքրիկ երեխաների խաղերի, ապագայի վրա, որոնք Ցեղասպանության զոհ դարձան: Ուզում եմ, որ Ցեղասպանության փաստն ամբողջ աշխարհն ընդունի, և այն մանուկների մանկությունը, որ կորել էր, այս նոր ծնվող երեխաների մանկությանը լրացվի, և նրանք երկնքից տեսնեն ու հասկանան, որ իրենց մանկությունն արդեն մերն է»,-ասաց նա:
Երևանից պարգևատրված Ռիմա Սաիյանն էլ ասաց, որ շարադրության մեջ իր նախապապերի մասին է գրել:










