Մեքսիկայում զինվորականները բեռնատարում փակված ավելի քան 60 ներգաղթյալ են փրկել
Մեքսիկայում զինվորականները տասնյակ անօրինական ներգաղթյալներ են հայտնաբերել բեռնատարում՝ Նուևո Լեոն նահանգի ճանապարհին, գրում է РИА Новости-ն` հղում անելով Մեքսիկայի անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովին:
Իշխանությունների տվյալներով` թթվածնի բացակայությունից խեղդվող ներգաղթյալներին օգնել են հայտնաբերել գամմա-ճառագայթները, որոնք ուղղվել են բեռնատարի վրա: Դրանք ցույց են տվել, որ ներսում մարդիկ կան: Դրանից հետո մեքենան կանգնեցվել է:
Մեքենայի միջից հնչել են օգնության կանչեր և հարվածներ: Մարդիկ գտնվել են սարսափելի պայմաններում: Բեռնատարում եղել է 64 մարդ, այդ թվում` 22 երեխա:
Անօրինական ներգաղթյալների մեծ մասը եղել են Գվատեմալայից, Սալվադորից, Հոնդուրասից, Էկվադորից և Դոմինիկյան Հանրապետությունից։ Ամենայն հավանականությամբ, նրանք ուղևորվել են դեպի ԱՄՆ-ի սահմանը` այդ երկիր մտնելու հույսով:










