Առաջարկում են Մոսկվայում թուրքական դեսպանատան փողոցն անվանակոչել Սու 24-ի զոհված օդաչուի պատվին

09:47 • 04.12.15

ՌԴ «Պաշտպանական ձեռնարկությունների աջակցության լիգա» ասոցիացիան նամակ է ուղարկել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին՝ խնդրելով մայրաքաղաքի այն նրբանցքը, որտեղ տեղակայված է Թուրքիայի դեսպանատունը, անվանակոչել Սու-24 ռմբակոծիչի զոհված հրամանատար Օլեգ Պեշկովի պատվին։

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, հայտնել է լիգայի ղեկավար, Պետդումայի արդյունաբերության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Գուտենևը:

 

«Ինձ դիմում էր գրել լիգայի բյուրոյի անդամ Ալեքսեյ Ալյոշինը՝ առաջարկելով Սիրիայում Սու-24 ռմբակոծիչի հրամանատարի հիշատակը հարգելու համար Օլեգ Պեշկովի անունով կոչել Մոսկվայի Ռոստովյան նրբանցքը: Լիգայի բյուրոյի անդամների մեծամասնությունը կողմ է արտահայտվել առաջարկին»,-նշել է Գուտենևը։

 

Կոչ է արվում փողոցում նաև Սու-24-ի օդաչու, ՌԴ հերոս Պեշկովին նվիրված հուշաքար բացել։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 
 

Առաջարկում են Մոսկվայում թուրքական դեսպանատան փողոցն անվանակոչել Սու 24-ի զոհված օդաչուի պատվին