Բեռլինի կինոփառատոնը կբացվի Քոեն եղբայրների ֆիլմի ցուցադրությամբ

10:22 • 05.12.15

Իթան և Ջոել Քոենների նոր «Կեցցե՛ Կեսարը» ֆիլմով կբացվի Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի 2016-ին, հայտնում է РИА Новости-ն:

 

1998-ին Քոեն եղբայրները ներկայացրել են «Մեծ Լեբովսկի» կատակերգությունը փառատոնի հիմնական մրցույթում, իսկ 2011-ին Բեռլինալեի բացմանը ցուցադրվել է նրանց True Grit ֆիլմը:

 

«Դա հրաշալի է, որ Ջոել և Իթան Քոենները կրկին կբացեն Բեռլինալեն: Նրանց հումորը, յուրահատուկ հերոսները և ֆանտաստիկ տաղանդը, անկասկած, կգրավեն հանդիսատեսին: «Կեցցե՛ Կեսարը» կատարյալ սկիզբ է Բեռլինալեի համար»,- ասել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը։

 

Ֆիլմը պատմում է Հոլիվուդի ոսկե ժամանակաշրջանի վերջին տարիների մասին: Գլխավոր դերերում նկարահանվել են Ջորջ Քլունին, Ջոշ Բրոլինը, Ռալֆ Ֆայնսը, Ջոնա Հիլը, Սքարլեթ Յոհանսոնը, Թիլդա Սուինթոնը և Չենինգ Տատումը։

 

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2016թ. փետրվարի 18-ին:


Բեռլինալե միջազգային կինոփառատոնը 66-րդ անգամ կանցկացվի 2016թ. փետրվարի 11-21-ը։
 

Բեռլինի կինոփառատոնը կբացվի Քոեն եղբայրների ֆիլմի ցուցադրությամբ