The Beatles-ի «Սպիտակ ալբոմի» հազվագյուտ օրինակը վաճառվել է 790 000 դոլարով

11:10 • 06.12.15

Բրիտանական The Beatles խմբի «Սպիտակ ալբոմ»-ի հազվագյուտ օրինակը, որը պատկանել է թմբկահար Ռինգո Սթարին, շաբաթ օրը վաճառվել է աճուրդում 790 հազար դոլարով: Աճուրդը կազմակերպել է Կալիֆորնիա նահանգում Բևեռլի Հիլս քաղաքում գտնվող Julien’s Auctions աճուրդի տունը, հաղորդում է ТАСС-ը:


Ինչպես հայտարարել են Julien’s Auctions-ի ներկայացուցիչները, տվյալ ալբոմը դարձել է աճուրդում երբևէ վաճառված ալբոմներից ամենաթանկը: Այն գերազանցել է այս տարի սահմանված ռեկորդը, երբ 300 հազար դոլարով վաճառվել է «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիի առաջին երաժշտական ձայնագրությունը:


Վաճառված օրինակը 1968 թվականին Մեծ Բրիտանիայում թողարկված «Սպիտակ ալբոմի» առաջին օրինակն է: Այն եղել է Սթարի անձնական հավաքածուի մեջ: Գնորդի անունը չի բացահայտվում:

 

The Beatles-ի «Սպիտակ ալբոմի» հազվագյուտ օրինակը վաճառվել է 790 000 դոլարով