ՀՌԱՀ-ի կողմից մշտադիտարկվել են 35 հեռուստառադիո ընկերություններ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում այսօր ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը նշեց, որ հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման համաձայն, հանրաքվեի քարոզարշավը լուսաբանել են 35 հեռուստառադիո ընկերություններ, որոնցից 24-ը հեռուստատեսություն, իսկ 11-ը՝ ռադիոընկերություն։
«Քարոզարշավն ավարտվել է քվեարկության օրվանից մեկ օր առաջ, այսինքն` դեկտեմբերի 4-ին ժամը 24։00-ին։ Այս պահին էլ, համաձայն օրենսդրության, ՀՌԱՀ-ը շարունակում է հեռուստառադիո ընկերությունների մշտադիտարկում, որը կավարտվի այսօր՝ ժամը 20։00-ին»,-ասաց նա։
ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն էլ ներկայացրեց այս պահին ունեցած արդյունքները՝ տեղեկացնելով, որ մշտադիտարկման են ենթարկվել հանրապետական սփռման և երևանյան բոլոր հեռուստա և ռադիո ընկերությունները։
«ՀՀ մարզերում իրականացված գործուղման արդյունքում տեսաձայնագրվել և դիտարկման են ենթարկվել մարզերի համայնքային հեռուստաընկերությունների ծրագրերը»,-ասաց նա։
Նա նաև նշեց, որ հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում ՀՌԱՀ-ի կողմից իրականացվել է ուղղակի մշտադիտարկում, որը կազմել է 15 հազ. 620 ժամ, որից 10 340 ժամ հեռուստածրագրերի մշտադիտարկումն է և 5280 ժամ ռադիոծրագրերի։
«Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում կողմերին տրամադրվող վճարովի եթերաժամանակի սակագների մասին հայտարարել էին թվով 24 հեռուստաընկերություններ և 6 ռադիոընկերություններ։ Այսպիսով՝ հեռուստաընկերությունների եթերի 1 րոպեի նվազագույն սակագինը կազմել է 1400 դրամ, իսկ առավելագույնը՝ 120 հազ. դրամ։ Ռադիոընկերությունների եթերի նվազագույն մեկ րոպեի արժեքն է եղել 480 դրամ, իսկ առավելագույնը՝ 3600 դրամ»,-ասաց նա։
Արմեն Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ վերջնական բոլոր արդյունքները կամփոփեն օրենքով սահմանված ժամկետում, այսինքն՝ դեկտեմբերի 11-ին։










