Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային վերականգնել բարիդրացիական հարաբերությունները
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային փոխզիջումների գնալ, «գոնե կես քայլ անել միմյանց ընդառաջ» և վերականգնել բարիդրացիական հարաբերությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Սխալներն անխուսափելի են, և դրանք ոչ թե պետք է սրել, այլ լուծել, գնալ փոխզիջումների։ Դա վերաբերում է նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին կոնֆլիկտին»,- ասել է նա չեզոքության քաղաքականությանը նվիրված միջազգային համաժողովում ելույթ ունենալիս։
Երկու երկրների հարաբերությունները սրվել են նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը։ ՌԴ նախագահը Թուրքիայի այդ քայլն անվանել էր «հարված թիկունքից», ինչից հետո Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։










