Այս երեք համանախագահների ֆորմատը Հայաստանի տեսանկյունից ավելի օպտիմալ է. Սերգեյ Մինասյան
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ըստ որի՝ Մինսկի խումբը հույս ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համագործակցել 2016 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Գերմանիայի հետ։
«Ես ոչ վտանգ, ոչ հնարավորություն այդտեղ չեմ տեսնում, դա պարզապես դիվանագիտական հայտարարություն է: Որևէ ձևով տեսանելի ապագայում Գերմանիայի ներգրավվածությունը Մինսկի խմբի համանախագահների ֆորմատի մեջ ես դժվար եմ համարում»,- ասաց նա:
Նա նկատեց, որ այդ միտումը միշտ էլ Ադրբեջանն ունեցել է, միշտ էլ ցանկացել է Մինսկի խմբի համանախագահների ֆորմատն ինչ-որ ձևով փոխել, թեև գտնում է, որ դա քիչ հավանական է:
Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրացման արդյունքում ևս որևէ փոփոխություն չի լինի: «Ինձ համար ավելի հավանական է թվում այս իրավիճակի շարունակությունը, երբ Մինսկի խմբի առաքելությունն է՝ փորձել լարվածությունը նվազեցնել, և ոչ թե լուրջ առաջխաղացում ապահովել բանակցային գործընթացում, որը որ տեսանելի ապագայում հնարավոր չէ»,-ասաց նա:










