Սիրիան մեղադրել է Թուրքիային հնագույն նմուշները չվերադարձնելու համար. Reuters
Սիրիայի իշխանությունները մեղադրել են Թուրքիային նրա համար, որ վերջինս հրաժարվում է վերադարձնել հնագույն նմուշները, որոնք գողացվել են Սիրիայի մշակութային ժառանգության օբյեկտներից, գրում է РИА Новости-ն՝ Reuters գործակալությանը հղումով։
Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը հայտնել է, որ ավելի քան 2.000 իր, որոնք գողացվել են Սիրիայի մշակութային ժառանգության տարբեր օբյեկտներից, առգրավել է Թուրքիան, որը, ի տարբերություն այլ երկրների, հրաժարվում է վերադարձնել դրանք կամ որևէ տեղեկություն տրամադրել դրանց մասին:
«Թուրքական կառավարությունը հրաժարվում է վերադարձնել առգրավված իրերը: Ոչ մի տեղեկություն, ոչ մի լուսանկար»,- հայտարարել է Աբդուլքարիմը` նշելով, որ Թուրքիան պետք է փոխի իր վերաբերմունքը:
Իր հերթին, Թուրքիայի մշակույթի նախարարարությունում Աբդուլքարիմի հայտարարությունը «չհիմնավորված» են անվանել։
«Ամեն անգամ, երբ մենք առգրավում ենք նման հնություններ, մենք դրանք վերադարձնում ենք այն երկրների ինստիտուտներին, որոնց պատկանում են: Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները դրդված են քաղաքականությամբ»,- նշել է նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ թուրքական իշխանություններն «անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն հնությունների անօրինական ներմուծումը»։










