ԱՄՆ-ն և Կուբան կվերականգնեն ավելի քան 50 տարի առաջ ընդհատված փոստային ուղիղ հաղորդակցությունը

10:41 • 12.12.15

ԱՄՆ-ն և Կուբան պայմանավորվել են վերականգնել փոստային ուղիղ հաղորդակցությունը, որն ընդհատվել էր ավելի քան 50 տարի առաջ, գրում է Интерфакс-ը։

 

Երկու երկրների միջև փոստի մատակարարման փորձնական նախագիծը պետք է մեկնարկի մոտ ապագայում։

 

Տասնամյակներ շարունակ նամակները Կուբայից ԱՄՆ և հակառակ ուղղությամբ ուղարկվում էին այլ պետությունների միջոցով, առավել հաճախ` Մեքսիկայի կամ Կանադայի:

 

Փոստային հաղորդակցության վերականգնման մասին որոշումը կայացվել է երկու երկրների առաջնորդներ Ռաուլ Կաստրոյի և Բարաք Օբամայի պատմական հայտարարության 1-ամյակից օրեր առաջ. մեկ տարի առաջ նրանք հայտարարել էին Կուբայի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։

 

Այդ ժամանակից ի վեր երկրների միջև հարաբերությունները կարգավորվում են, սակայն Հավանան հայտարարում է, որ ամբողջական կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է տարհանի ռազմական բազան և չեղարկի տնտեսական էմբարգոն։

ԱՄՆ-ն և Կուբան կվերականգնեն ավելի քան 50 տարի առաջ ընդհատված փոստային ուղիղ հաղորդակցությունը