Բուրունդիում բախումների հետևանքով առնվազն 87 մարդ է զոհվել
Առնվազն 87 մարդ է զոհվել Բուրունդիի մայրաքաղաքում նախօրեին սկսված բախումների հետևանքով: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, այդ մասին հայտնել է բանակի պատասխանատոներից մեկը:
Զոհերի թվում են ոստիկանության 4 սպաներ ու ու 4 զինծառայողներ: Վիրավորվել է 9 զինվոր ու 11 ոստիկան: Անկարգությունների ընթացքում առնվազն 45 մարդ է ձերբակալվել:
«ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է մայրաքաղաք Բուջումբուրայում տեղի ունեցած ու շարունակվող հարձակումների կապակցությամբ: Մենք դատապարտում ենք բռնությունն ու բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունը»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Ֆրանսիան ևս դատապարտել է հարձակումներն ու կողմերին երկխոսելու կոչ արել:
Բուրունդիում իրավիճակը լարված է արդեն ավելի քան կես տարի: Մայիսին երկրում պետական հեղաշրջման փորձ էր տապալվել, ինչից հետո սկսվել էին բախումները: ՄԱԿ-ի տվյալներով՝ այս ընթացքոմ սպանվել է 240 մարդ: Ավելի քան 200 հազար բնակիչ փախել է երկրից:










