Չնայած կիսաշանտաժային հոխորտանքներին, Թուրքիան ոչինչ չի կարող անել Ռուսաստանի դեմ. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, ըստ որի թուրքական կողմի համբերությունն անսահման չէ, ասաց, որ վերջերս Չավուշօղլուն շատ տարօրինակ հայտարարություններով է հանդես գալիս:
Նա նշեց, որ չնայած կիսաշանտաժային հոխորտանքներին, Թուրքիան ոչինչ չի կարող անել Ռուսաստանի դեմ և միակ բանը, որը կարող է անել, դա նեղուցների փակելն է, այն էլ այն դեպքում, երբ Ռուսաստանի և Թուրքիայի միջև տեղի ունենա պատերազմ:
«Երկրորդը բանը, որը կարող է Թուրքիան անել, դա Հարավային Կովկասում իրավիճակը սրելն է, ինչի արդյունքում հյուսիս-կովկասյան ահաբեկչական խմբավորումները կարող են ակտիվանալ և մի քանի ահաբեկչություն կազմակերպել Հյուսիս-կովկասում»,-ասաց նա և նշեց, որ այդ ամենում Թուրքիան բացեիբաց չի գործի:
Քաղաքագետը կարծում է, որ Արցախի և Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը բավական լարվել է, և այդ լարվածությունը կապված է Թուրքիայի կողմից Ադրբեջանին հովանավորելու և Ադրբեջանին առաջ մղելու քայլերով, որպեսզի Ադրբեջանն ավելի սրի իրավիճակը և Ռուսաստանի ուշադրությունը տեղափոխվի Արցախ:
Գագիկ Համբարյանն ասաց, որ Թուրքիան չի փոշմանել ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ կապված միջադեպի համար: Ըստ նրա՝ Թուրքիան սա միայնակ չի արել, անպայման ունեցել է հովանավոր:
«Այդ հովանավորի պրոֆիլը երևաց Սու-24 կործանումից հետո, երբ առաջիններից մեկը հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարությունը, իսկ հետո նոր ՆԱՏՕ-ն։ Չնայած ՆԱՏՕ-ի ներքաշումն այս ամենում մեծ զրկանքներ է պարունակում իր մեջ, որովհետև եթե գործը հասնի կոնկրետ ռուս-թուրքական բախմանը, ես համոզված եմ, որ ՆԱՏՕ-ն բացեիբաց չի պաշտպանի Թուրքիային, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ կտրականապես դեմ են դուրս եկել Թուրքիային այս սանձարձակ և անխոհեմ պահվածքի»,-ասաց նա:










