ԱՄՆ համբերությունը հատել է. Աղասի Ենոքյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին
Tert.am-ի հետ զրույցում Աղասի Ենոքյանը չհամաձայնեց դիտարկման հետ, որ Հայաստանում որևէ ընտրությունից հետո ԱՄՆ-ի դեսպանատունը երբևէ չէր հայտարարել, որ ընտրակեղծարարները դեսպանատան կողմից կդիտվեն որպես անցանկալի անձինք: Ըստ նրա՝ ԱՄՆ դեսպանատունը չի հայտարարել, բայց նման պրակտիկա կիրառել է:
«Նման բան եղել էր, ուղղակի չէր հայտարարվել: Այսինքն` իմ ինֆորմացիայով` 2008 թվականի «Մարտի 1-ից» հետո շատ գործարարներ, որոնց անձնական զորքերը մասնակցել էին այդ սպանություններին հայտնվել էին ամերիկյան դեսպանության սև ցուցակներում»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված զարգացումների վերաբերյալ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի` ընտրախախտումների պատասխանատուների մասին մամուլի հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են օգտագործվել նաև ԱՄն դեսպանատան կողմից` «դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:
Սա, ըստ Աղասի Ենոքյանի, ոչ թե երկրորդ դեղին քարտն է ՀՀ իշխանություններին, այլ փաստացի կարմիր քարտ: «Ի՞նչ է սա նշանակում քաղաքական առումով, այն, որ իշխանություններն արդեն երկրորդ անգամ դրժեցին խոստումը, որ ընտրությունները պետք է անցնեն մաքուր: Հիմա, կարծում եմ, ամերիկյան կողմի համբերությունը հատել է»,-ասաց Աղասի Ենոքյանը:










