Ադրբեջանը քննարկում է Սաուդյան Արաբիայի ստեղծած իսլամական նոր դաշինքին միանալու հարցը

12:35 • 15.12.15

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն «Ահաբեկչության դեմ իսլամական կոալիցիային» երկրի միանալու հարցով հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ։

 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

 

Նա հավելել է, որ Ադրբեջանի օրենքներին համապատասխան՝ երկրի մասնակցությունը ցանկացած կառույցի պետք է քննարկվի ներպետական գործընթացների պահանջների դիրքերից։

 

«Այս պահին այդ հարցը քննարկվում է։ Ադրբեջանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում», -ասել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում իսլամական նոր դաշինքի ստեղծման մասին։ Դաշինքում ներառված է 34 երկիր։



Դաշինքի միացյալ օպերատիվ կենտրոնը գտնվելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք  Էր Ռիյադում: Հայտնի է, որ դաշինքում ներառված են Թուրքիան, Հորդանանը, Պակիստանը, Եգիպտոսը, Քաթարն ու այլ պետություններ:

Ադրբեջանը քննարկում է Սաուդյան Արաբիայի ստեղծած իսլամական նոր դաշինքին միանալու հարցը