ԻՊ-ին ֆինանսավորելու համար ՌԴ-ում կասկածվում է ավելի քան 1600 ֆիզիկական ու իրավաբանական անձ
ՌԴ իրավապահ մարմինները ստուգում են ավելի քան 1600 ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը նյութական աջակցություն ցուցաբարելու կասկածանքով։
Ինչպես տեղեկացնում է Meduza-ն, այդ մասին հայտարարել է Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը։
Նրա խոսքով՝ ստուգումների արդյունքում 2015 թվականի սկզբից 270 մարդու դեմ քրեական գործ է հարուցվել։
«Ահաբեկչության ֆինանսավորման ալիքները փակելու համար մշակվել է միջգերատեսչական պլան, որի շրջանակում ֆինանսական հետախուզությունն ու իրավապահ մարմինները 5000 դեպք են քննել»,-ասել է Բորտնիկովը։
2015 թվականի սեպտեմբերին ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հաղորդել էր, որ Ռուսաստանից «Իսլամական պետության» շարքերում կռվում է 1800 քաղաքացի։










