Բաքուն կանգնած է դժվարին ընտրության առջև՝ մերձենալ Արևմուտքի՞ն, թե վարել բալանսավորված քաղաքականություն. թուրքագետ

13:01 • 15.12.15

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո թուրքական ղեկավարությունը պատրաստ եղավ նույնիսկ խզել գրեթե բոլոր տեսակի տնտեսական և քաղաքական կապերը Ռուսաստանի հետ:
 

«Այսօր մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում հասունանում է այնպիսի իրավիճակ, երբ դիրքավորվում են Արևմուտքի ուժերն ԱՄՆ-ի գլխավորությամբ և արևելյան բլոկը՝ Ռուսաստանի և Իրանի գլխավորությամբ: Ցանկացած զարգացում, եթե դիտարկում ենք Մերձավոր Արևելյան իրավիճակի տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ տեղի են ունենում պառակտումներ ինչպես կրոնական համայնքներում, այնպես էլ քաղաքական բլոկների միջև»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ ասաց թուրքագետը:
 

Նրա խոսքերով՝ տեղի ունեցող զարգացումների համատեքստում ադրբեջանական կողմը կանգնած է դժվարին ընտրության առջև՝ մերձենալ Արևմուտքի՞ն՝ դրանով իսկ վերջնականապես փչացնել հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, թե՞ վարել բալանսավորված քաղաքականություն:

 

«Փորձը ցույց է տալիս, որ բալանսավորված քաղաքականությունը ևս Ադրբեջանին ձեռնտու չէ, քանզի քաղաքական այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որտեղ «և-և»-ի քաղաքականությունը չի օգնում»,-ասաց Մուշեղ Խուդավերդյանը:
 

Վերջինիս գնահատականով՝ տեղի ունեցող զարգացումների համատեքստում մոտ ապագայում ռուս-թուրքական հարաբերությունների բարելավվում չի նկատվում:

 

Բաքուն կանգնած է դժվարին ընտրության առջև՝ մերձենալ Արևմուտքի՞ն, թե վարել բալանսավորված քաղաքականություն. թուրքագետ