Սաակաշվիլին Ավակովին մեղադրել է զինյալ խմբավորումներ ֆինանսավորելու համար
Ուկրաինայի Օդեսայի շրջանի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իրեն հրապարակավ սպառնացել է Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ընթացքում, գրում է korrespondent.net-ը։
«Արսեն Ավակովը, լինելով ՆԳ նախարար, իրեն թույլ է տվել ոչ միայն անպատշաճ բառեր ասել իմ հասցեին, ինչն ինձ չզարմացրեց, քանի որ ես կյանքում շատ բան եմ տեսել, այլև բոլորի ներկայությամբ ինձ ուղղակի սպառնաց»,- հայտարարել է Սաակաշվիլին նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։
Բացի այդ, Օդեսայի մարզի ղեկավարը հայտարարել է, որ Ավակովը զինված խմբավորումներ է ղեկավարում ու դրանք ֆինանսավորում կոռուպցիոն եկամուտների հաշվին։
«Այդ մարդը, որն իրոք վերահսկում է ոչ ֆորմալ զինյալ խմբավորումներ, նրանց ֆինանսավորում է կոռուպցիոն եկամուտների հաշվին, և ես հակված եմ մտածել, որ նրա սպառնալիքներն իմ դեմ չեն, ես նրանից չեմ վախենում, բայց ընդհանուր հանրությունը պետք է դա լուրջ ընդունի»,- հայտարարել է նա։










