Մադրիդ-Սան Պաուլո չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել ռումբի մասին հաղորդագրությունից հետո
Բրազիլական TAM ավիաընկերության Boeing 777-32W ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Մադրիդ-Սան Պաուլո չվերթը, վերադարձել է օդանավակայան` ռումբի մասին կասկածների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` ավիափոխադրողի ներկայացուցիչներին հղումով։
«TAM ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Իսպանիայի իշխանություններից լուր է ստացել Մադրիդից Սան Պաուլո մեկնող ինքնաթիռում ռումբի պայթյունի սպառնալիքի մասին։ Ընկերությունը մշտական կապի մեջ է եղել Իսպանիայի իշխանությունների հետ»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում:
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ուղևորներին հատկացնում են անհրաժեշտ օգնությունը:
Օդանավն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել Մադրիդի Բարախաս օդանավակայանում: Ռումբի մասին տեղեկությունը ստացվել է այն պահին, երբ ինքնաթիռը գտնվել է Մարոկկոյի օդային տարածքում:










