Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 3 ոստիկան է զոհվել
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանական զրահապատ մեքենայի վրա հարձակում է իրականացվել, որի հետևանքով 3 ոստիկան է զոհվել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրը, հարձակման ենթարկված զրահապատ մեքենան տեղափոխում էր ոստիկանական հատուկ ջոկատի աշխատակիցներին, երբ ճանապարհին ռումբ է պայթել:
Նախնական տվյալներով` պայթուցիկը տեղադրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները: Հարձակումից հետո շրջանում գործողություններ են սկսվել զինյալներին գտնելու և չեզոքացնելու ուղղությամբ:
Դիարբեքիրում երկրորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները ոստիկանության և ցուցարարների միջև: Ակտիվիստները դեմ են որոշ շրջաններում պարեկային ժամ սահմանելու իշխանությունների որոշմանը:










