Բուխարեստում կայացել է Վարուժան Ոսկանյանի «Իմ չգրված պոեմների գրքի» շնորհանդեսը
Բուխարեստի Կանտակուզինո պալատում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել հայազգի գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Իմ չգրված պոեմների գիրքը» (Cartea poemelor mele nescrise, Ed. Polirom, Bucuresti 2015) շնորհանդեսը, որը հեղինակը բնութագրել է որպես որոշ չափով ինքնակենսագրական:
Միջոցառման հրավիրյալների թվում էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչանուն, նախկին ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանը, քաղաքական գործիչներ, մտավորականներ:
Շնորհանդեսը զուգակցվել է երաժշտությամբ և ասմունքով: Ելույթներ են ունեցել բանաստեղծ Մարիան Դրագիչը և գրաքննադատ Ալեքս Շտեֆանեսկուն: Վերջինս ընդգծել է Ոսկանյանի ինտելեկտն ու հումորը.«Ոսկանյանի հիմնական որակը իր եռացող ինտելեկտն է: Չափազանց ելացի և ստեղծարար է: Թվում է` նրա գիրը ֆոսֆոր է պարունակում, ինչ-որ փայլուն բան»:
Շտեֆանեսկուն գնահատել է նաև Ոսկանյանի ստեղծագործության մեջ հայկական մշակույթի առկայությունը և նշել, որ նրա գրքերում «արժևորվում է հայկական ավանդույթի մոռացված ֆոլկլորը»:
«Մեզ մոտ հայկական ավանդույթները չափազանց քիչ են գնահատված: Այդ պատճառով էլ հավատացած եմ, որ «Շշուկների մատյանը» արժանի է Նոբելյան մրցանակի, առանց որևէ չափազանցության, քանի որ նորություն է բերում»,- ավելացրել է գրաքննադատը: Նրա կարծիքով, Վարուժան Ոսկանյանը կենդանացնում է ռումինական մշակութային կյանքը:
«Իմ չգրված պոեմների գիրքը» պատմում է պատերազմից հետո ծնված երեխաների տխուր սերնդի մասին, որոնց համար 1989թ. դեպքերը չեն թուլացրել ողբերգության չափը, ինչպես նաև ընդգծում է պոետի վիճակն իսկությունից զուրկ աշխարհում:










