ԱՄՆ-ի Կոնգրեսում պայմանավորվել են չեղարկել նավթի արտահանման արգելքը. Bloomberg
ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները սկզբունքային համաձայնության են եկել ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքը չեղարկելու հարցում, գրում է Bloomberg-ը։
Գործակալությունը նշում է, որ դեկտեմբերի 17-ին կավարտվի ԱՄՆ-ի կառավարության աշխատանքի ֆինանսավորումը, և մինչ վաղը Կոնգրեսը պետք է մի շարք կարևոր որոշումներ ընդունի՝ ներառյալ բյուջեն։
Չնայած հանրապետականները վերահսկում են խորհրդարանի երկու պալատները, ԱՄՆ-ից նավթի արտահանման արգելքը վերացնելու հարցում նրանք ստիպված կլինեն համաձայնության գալ դեմոկրատների հետ։
Bloomberg-ի տվյալներով՝ հանրապետականներն ի պատասխան պատրաստ են զիջումների գնալ բյուջեի այլ կետերի շուրջ։
Նավթի արտահանման արգելքը սահմանվել է դեռևս 1970-ական թվականներին, երբ ԱՄՆ-ում նավթի դեֆիցիտ էր, որը պայմանավորված էր արաբական երկրների նավթային էմբարգոյով։










