Թուրքիան շատ մեծ ապտակ է ստացել պաշտոնական Մոսկվայից. Գագիկ Համբարյան
Սա թուրքական շողոքորթ և միևնույն ժամանակ գիշատիչ քաղաքականության արդյունք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն, ըստ որի՝ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները չպետք է տուժեն «նախազգուշացումը չլսած օդաչուների սխալի պատճառով»։
Նա զարմանալի չհամարեց թուրքական իշխանությունների այս արձագանքը, քանի որ գտնում է, որ թուրքական կիսաշանտաժային մեթոդների խայծը պաշտոնական Մոսկվան կուլ չի տվել:
«Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովը հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները կարող են վերականգնվել միայն Թուրքիայի կողմից Մոսկվայի երեք պայմանի իրականացումից հետո: Առաջինը՝ պաշտոնական Մոսկվան պահանջում է, որպեսզի Թուրքիան ներողություն խնդրի, երկրորդը՝ պատժել Սու 24 ինքնաթիռը խփելու պատասխանատուներին, և երրորդը՝ կրած ֆինանսական վնասը վերականգնել»,-ասաց նա և նշեց, որ այս երեք պահանջներին ի պատասխան՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ երբեք ներողություն չեն խնդրի Ռուսաստանից:
«Թուրքիան շատ մեծ ապտակ է ստացել պաշտոնական Մոսկվայից, դա փաստ է»,-ասաց Գագիկ Համբարյանը և ներկայացրեց, որ տարեկան 134 հազար զբոսաշրջիկ է Թուրքիայից մեկնում Ռուսաստան, ինչին ի հակառակ՝ 3-5 միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկ իրենց արձակուրդներն են անց կացնում Թուրքիայում, և տարեկան Թուրքիան ՌԴ է արտահանում 500 միլիոն դոլարի լոլիկ:
«Իհարկե Անկարայի համար սա մեծ հարված է, դեռ Անկարան տաք է և չի նկատել այդ ամենը, սակայն 3-4 ամիս հետո զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտում ավելի մեծ մասշտաբների վնաս կլինի, և սովորական ժողովուրդը դա իր վրա կզգա»,-ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ Թուրքիայի համար շատ անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:










