Իրաքի կառավարությունը պահանջել է ամբողջությամբ դուրս բերել թուրքական զորքն իր տարածքից
Իրաքի կառավարությունը պահանջել է ամբողջությամբ դուրս բերել թուրքական զորքը երկրի տարածքից։ Այդ մասին ասվում է Իրաքի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
«Իրաքի վարչապետ Հեյդար ալ- Աբադին կոչ է արել անհապաղ և ամբողջությամբ դուրս բերել թուրքական զորքն Իրաքի հյուսիսային հատվածներից»,- ասվում է հաղորդագրությունում:
Փաստաթղթում նշվում է նաև, որ կառավարությունն անբավարար է համարում թուրքական զորքերի և տեխնիկայի մասնակի դուրսբերումը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բաղդադի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են դեկտեմբերի 4-ից հետո, երբ Թուրքիան զինուժ տեղակայեց Մոսուլի մոտակայքում: Իրաքի ԱԳՆ-ն հաջորդ օրն իսկ պահանջել էր Թուրքիայից դուրս բերել զորքերն իրաքյան տարածքներից։










