Մարգինալացված ուժերը հեքիաթներ են պատմում, որ Գագիկ Հարությունյանը չի կարող արդար քննություն իրականացնել. Շարմազանով
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նորմալ է վերաբերում «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնությանը՝ դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, թե դա իրենց իրավունքն է՝ կարող են դիմել:
«Բազմակարծություն է, իրենց իրավունքն է, չեմ ուզում մեկնաբանել՝ ճիշտ են, թե սխալ, ես դատավոր չեմ: ԿԸՀ-ն արձագանքել է, սահմանադրական փոփոխությունների արդյունքները վիճարկման ենթակա չեն, մենք ապրելու ենք նոր, բարեփոխված սահմանադրության դրույթներով: 17 ստորագրություն են հավաքել, գուշակ չեմ, չեմ կարող ասել՝ կհավաքեն, թե ոչ, կապրենք՝ կտեսնենք»,- ասաց նա՝ զերծ մնալով ենթադրություններից՝ արդյոք իրենց կհաջողվի՞ իրականացնել անհրաժեշտ 27 ստորագրությունների հավաքման գործը, թե ոչ: «Հիմա եթե ասեմ, որ չի հաջողվի, կասեն Շարմազանովը չարախնդում է: Կտեսնենք ուրբաթ օրը»,- հավելեց նա:
Tert.am-ի հարցին, թե արդյոք Սահմանադրական դատարանի նախագահը, որ սահմանադրական փոփոխությունների տեքստի հեղինակն է, կարող է արդար, անկողմնակալ քննություն անցկացնել, Էդուարդ Շարմազանովը դրական պատասխան տվեց:
«Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել , որ ինքը բարձր պետական արժեքներ կրող անձնավորություն է, բարձր ազգային գաղափարախոսության արժեքներ կրող անձնավորություն է և նրա յուրաքանչյուր քայլ, ցանկացած որոշում պայմանավորված է ոչ թե անձնական, խմբային, այլ՝ պետական շահերով: Այդպես եղել է ու համոզված եմ՝ այդպես էլ լինելու է: Պետք չէ կասկածանքով նայել, լսել հեքիաթները, որոնցից նավթալինի հոտ է գալիս, որոնք արվում են մարգինալացված, իրենցից որևէ լուրջ ազդեցություն չունեցող քաղաքական ընդդիմադիր որոշ ուժերի կողմից: Ուժ էլ չեն՝ ներկայացուցիչներ են»,- նշեց ՀՀԿ խոսնակը՝ նկատի ունենալով «Ժառանգություն» կուսակցությանը, որի առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր օրերս հայտարարել, որ Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահ և սահմանադրական փոփոխությունների հեղինակ լինելու հանգամանքը շահերի բախում է առաջացնում:










