Սիդնեյում ուժգին փոթորիկ ու տեղումներ են սկսվել
Ավստրալիայի խոշորագույն քաղաք Սիդնեյին հուժկու փոթորիկ է պատուհասել, որն ուղեկցվում է գոլֆի գնդակի մեծությամբ կարկուտով ու ուժգին քամիով, որի արագությունը գերազանցում է 200 կմ/ժամը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Քամին ծառեր է տապալել, վնասել է էլեկտրահաղորդակցության գծեր, տանիքներ, ուժգին տեղումները հեղեղումների պատճառ են դարձել։
Սիդնեյի հարավային մասում առանց էլեկտրաէներգիայի են մնացել մոտ 6000 տներ։ Փրկարար ծառայություններն ավելի քան 200 զանգ են ստացել։
Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոն այսօր տորնադոյի հազվագյուտ տեսակի մասին նախազգուշացում է տարածել։
Միջազգային և ներքին որոշ չվերթներ ուղարկվել են այլ քաղաքներ։
«Այս պահին տորնադոյի վտանգը նվազել է, սակայն մեծ է հավանականությունը, որ տեղումների ակտիվությունը կշարունակվի օրվա ընթացքում»,-հայտարարել է բյուրոյի գլխավոր օդերևութաբան Ջեյմս Թեյլորը։










