Թուրքիան փակել է ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության ճանապարհը. ՌԴ ԱԳՆ

15:33 • 16.12.15

Թուրքիայի հռետորաբանությունը, որը հետևեց նոյեմբերի 24-ին ռուսական ռմբակոծիչը խոցելու միջադեպին, փակեց Ռուսաստանի հետ արդյունավետ երկխոսություն ունենալու բոլոր հնարավորությունները։ 

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

 

«Այն բանից հետո, ինչ մենք տեսանք՝ ոչ միայն Սու-24 ռմբակոծիչի խոցումը, այլև այն սարսափելի հռետորաբանությունը, որը դրանից հետո սկսեց Անկարան, ցավոք, փակեց բոլոր հնարավորությունները կառուցողական երկխոսության համար»,- ասել է Զախարովան։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 
 

Թուրքիան փակել է ՌԴ-ի հետ կառուցողական երկխոսության ճանապարհը. ՌԴ ԱԳՆ