Մեկնարկել են Տաթևի վանական համալիրի հյուսիսային մուտքի վերականգնման աշխատանքները

16:29 • 17.12.15

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում մեկնարկել են Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքները: Դեկտեմբերից արդեն իսկ սկսվել է համալիրի հյուսիսային մուտքի վերանորոգումը, տեղեկացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժինը:


«Որոշվեց աշխատանքներն սկսել հյուսիսային մուտքից, ինչը կարևոր էր թե զբոսաշրջիկների համար խոչընդոտներ չստեղծելու, թե համալիրի վերականգնման աշխատանքները ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Սա այն դարպասն է, որը գործել է պատմականորեն: Այս դարպասից մուտք գործելիս՝  միանգամից իր ողջ վեհությամբ երևում է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, և շատ գեղեցիկ տեսարան է բացվում: Աշխատանքների ընթացքում ոչ միայն կամրացվի մուտքի պարսպապատը, այլև կվերականգնվի սկզբնական տեսքը»,- նշում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրն իրականացնող «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանը:


Մինչև շինարարական աշխատանքների մեկնարկը՝ մասնագիտական կազմակերպությունների կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ երկրաֆիզիկական, երկրաբանական, նյութաբանական, տարածքի սեյսմիկ վիճակի, կառույցների ինժեներական ուսումնասիրություններ, լազերային սքանավորում: Ուսումնասիրվել են նաև Տաթևի վանական համալիրին վերաբերող մատենագիտական և արխիվային փաստաթղթերը՝ վերականգնման աշխատանքները պատմական տեսքին և կառուցապատմանը համապատասխան իրականացնելու համար:

 

Վանական համալիրի հիմքը ստորգետնյա ջրերից պաշտպանելու և խոնավությունից  զերծ պահելու համար դրենաժային նոր համակարգ է կառուցվել:

 

«Հյուսիսային մուտքից հետո կմեկնարկեն համալիրի մյուս կառույցների՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները, զուգահեռ կիրականացվի Ճոճվող սյան՝ Գավազանի  և Զանգակատան վերականգնումը»,-ասում է «Տաթևի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը:

 

Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքներն իրականացնելիս IDeA հիմնադրամը համագործակցում է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի և ՀՀ մշակույթի նախարարության հետ:

 

«Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում նախատեսվում է վերանորոգել և վերականգնել վանական համալիրի բոլոր՝ թե եկեղեցական, թե օժանդակ կառույցները:

 

 

 

Մեկնարկել են Տաթևի վանական համալիրի հյուսիսային մուտքի վերականգնման աշխատանքները