Պուտինը չի խոսի իր դուստրերի զբաղվածության մասին` «անվտանգության նկատառումներով»

15:32 • 17.12.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է բամբասանքների մասին հարցին, որոնց համաձայն նրա դուստրը Մոսկվայի պետական համալսարանի նախագծերում աշխատող Եկատերինա Տիխոնովան է։

 

«Վերջերս բոլորը պնդում էին, թե իմ աղջիկները կրթություն են ստանում և ապրում են արտասահմանում: Այժմ բարեբախտաբար գրում են, որ նրանք ապրում են Ռուսաստանում, ինչը ճիշտ է»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նրանք միշտ ապրել են Ռուսաստանում և սովորել են միայն ռուսական բուհերում և չեն զբաղվում բիզնեսով կամ քաղաքականությամբ:

 

Թե կոնկրետ ինչով են զբաղվում նրա դուստրերը՝ Վլադիմիր Պուտինը չի ցանկացել պատմել: «Ես չեմ պատրաստվում ասել, թե կոնկրետ ինչով են իմ դուստրերը զբաղվում, այդ թվում՝ անվտանգության նկատառումներով: Նրանք պարզապես ապրում են իրենց կյանքով, և դա շատ արժանի կերպով են անում»,- ասել է նա:

 

«Ես նրանցով հպարտանում եմ։ Նրանք շարունակում են սովորել և աշխատում են»,- ասել է նա և հավելել, որ իր դուստրերն ազատ խոսում են երեք-չորս եվրոպական լեզուներով, անգամ կարող են բացատրվել մեկ արևելյան լեզվով: «Նրանք հասնում են լավ հաջողությունների: Ես երբեք չեմ քննարկում ընտանիքիս հետ կապված հարցերը»,- հայտարարել է Պուտինը:

 

«Իրենք երբեք աստղային երեխաներ չեն եղել, երբեք հաճույք չեն ստացել, որ նրանց վրա լուսարձակներ են ուղղված»,- հավելել է նա:

Պուտինը չի խոսի իր դուստրերի զբաղվածության մասին` «անվտանգության նկատառումներով»