Deep Purple խումբը ներառվել է Ռոքնռոլի փառքի սրահում
Բրիտանական հայտնի Deep Purple խումբը ներառվել է ամերիկյան Ռոքնռոլի փառքի սրահում։ Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում, գրում է ТАСС-ը:
Արարողությունը, որի ժամանակ Deep Purple-ը, ամերիկյան Chicago ռոք խումբը, բլյուզ-ռոք կիթառահար Սթիվ Միլերը և մի շարք այլ կատարողներ պաշտոնապես կներառվեն էլիտար ռոքնռոլ համայնքում, կկայանա Նյու Յորքում 2016 թվականի ապրիլի 8-ին:
Կանոնների համաձայն՝ փառքի սրահում կատարողի կամ խմբի ներառման համար անհրաժեշտ է, որ առաջին ձայնագրության թողարկումից անցնի առնվազն 25 տարի:
Այդ համայնքի առաջին նիստը կայացել է 1986 թվականին, երբ դրա մեջ են ներառվել միանգամից 10 երաժիշտներ, այդ թվում՝ Չաք Բերին, Ջեյմս Բրաունը, Ռեյ Չարլզը, Բադի Հոլին և Էլվիս Փրեսլին: Ավելի ուշ նման պատվի են արժանացել նաև The Beatles-ը, Բոբ Դիլանը, Բի Բի Քինգը և The Rolling Stones-ը։










