Կրճատվել է Օպերայի գլխավոր դիրիժորը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար.պարզաբանում

15:56 • 17.12.15

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել են կառուցվածքային փոփոխություններին։     

 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնք միտված են բացառապես ստեղծագործական որակի բարձրացմանը: Փոփոխությունների առաջարկն արվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար  Հայաստանի և Լիտվայի ժողովրդական արտիստ Գեղամ  Գրիգորյանի կողմից, որը արժանացել  է թատրոնի ղեկավարության հավանությանը: Կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կրճատվել է թատրոնի գլխավոր դիրիժորի և երաժշտական ղեկավարի հաստիքը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար:  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր դիրիժորի հաստիք այլևս չի լինելու:
Թատրոնն այսօր ունի երեք դիրիժոր՝ Աթանես Առաքելյան, Հարություն Արզումանյան, Ռուբեն Ասատրյան: Իտալացի նշանավոր դիրիժոր Ջանլուկա Մարչանոն թատրոնի հետ կշարունակի իր համագործակցությունը հրավիրյալ դիրիժորի կարգավիճակով: Առաջիկայում նախատեսված է նաև այլ հրավիրյալ դիրիժորների հետ համագործակցություն նույնպես: ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել որպես թատրոնի դիրիժոր, սակայն վերջինս հրաժարվել է»:
 

Հիշեցնենք, որ Tert.am-ը փորձել էր կապ հաստատել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ, ով սակայն, չէր պատասխանում Tert.am-ի զանգերին:
 

Կրճատվել է Օպերայի գլխավոր դիրիժորը, քանի որ թատրոնն արդեն ունի գեղարվեստական ղեկավար.պարզաբանում