Սաուդյան Արաբիայի ստեղծած նոր կոալիցիան ԻՊ-ին չի ռմբակոծի. թուրք պաշտոնյա
Իսլամադավան երկրների նորաստեղծ կոալիցիայի նպատակն իսլամն ահաբեկչությունից պաշտպանելն է։ Իսլամական հակաահաբեկչական կոալիցիան ոչ թե ռազմական, այլ գաղափարախոսական միավորում է. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը:
«Կոալիցիան ռազմական կառույց չի լինելու, դա նրա օրակարգում չէ։ Ռազմական ու հետախուզական համագործակցությունն ընդդեմ «Իսլամական պետության» կարևոր է, սակայն կա նաև ահաբեկչության դեմ պայքարի գաղափարախոսական կողմը: Այդ պայքարը պետք է համակարգվի, որպեսզի իսլամը չասոցացվի ահաբեկչության հետ»,-ասել է Բիլգիչը:
Սաուդյան Արաբիան 34 երկրներից բաղկացած կոալիցիա է ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարի համար: Նոր կոալիցիայի կենտրոնը լինելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում:
Համաձայն հայտարարության տեքստի՝ կոալիցիան ստեղծվում է ահաբեկչությանը հակազդելու և մահմեդական ժողովուրդների շահերին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար:










