Լուկաշենկոն մնացել է արտաքին քաղաքական շպագատի վիճակում. Մոսկվայի ու Մինսկի միջև գոյություն ունեն տարաձայնություններ. НГ
Մինսկում փորձագետներն ապարդյուն են անվանում Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները և փաստում են մերձավոր դաշնակիցների շահերի կոնֆլիկտի խորացումը։ Այդպիսին են Մոսկվա Բելառուսի նախագահի այցի ոչ պաշտոնական արդյունքները, գրում է Независимая Газета-ն։
«Կրեմլում բանակցությունների արդյունքներով նախագահները համատեղ հայտարարություն են ստորագրել, որի իմաստը համացանցային սլենգով կարելի է արտահայտել իբրև «ոչ մի բանի մասին»»,- նշել է քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Կլասկովսկին։
«Դեկտեմբերի 15-ին ձեռնարկված փորձն առանց արդյունքների ավարտվեց»,- նման գնահատականի հետ համաձայն է նաև քաղաքագետ Յուրի Դրակոխրուստը։
Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բանակցությունների ավարտին հայտարարել էր, որ փորձագետների կողմից ամենաակտուալ համարվող հարցը՝ Բելառուսում ռուսական ավիաբազայի տեղակայման հեռանկարները, չեն քննարկվել։ Փորձագետները, սակայն, ուսումնասիրելով մանրամասները, ուշադրություն են դարձնում մի քանի փաստերի, որոնք վկայում են այն մասին, որ խնդրահարույց և վիճելի հարցերին անդրադարձ արվել է, սակայն դրանց վերաբերյալ կոնսենսունս ձեռք չի բերվել:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ խորհրդանշական է, որ Մոսկվայից վերադառնալուց հետո Լուկաշենկոն խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ: Այդ միջոցառումից հասարակությունն իմացել է, որ Պուտինը և Լուկաշենկոն նախօրեին քննարկել են այն վտանգները, որոնք կարող են սպառնալ եվրասիական տարածքին ԵՄ-ի հետ Ուկրաինայի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։ «Բնականաբար, այդ համաձայնագիրը լարվածություն է առաջացնում ոչ միայն Ռուսաստանի համար»,- խոստովանել է Լուկաշենկոն և հայտարարել, որ Եվրասիական տնտեսական միության երկրները «ստիպված կլինեն ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը, քանի որ այն ինքնուրույն չի լուծվելու»։
Բոլոր դեպքերում Մոսկվա Լուկաշենկոյի այցի արդյունքները վկայում են, որ դաշնակիցների միջև գոյություն ունեն տարաձայնություններ, դրանք դեռ լուծված չեն: Իսկ Լուկաշենկոն մնացել է «արտաքին քաղաքական շպագատի վիճակում», որը գեղեցիկ է, բայց երկարատև չէ։










