Ռուս դերասաններ Ա.Չադովն ու Ն. Ռուդովան «Սինեմա Սթար» կինոթատրոնում մասնակցեցին հայ ռեժիսորի «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմի պրեմիերային. լուսանկարներ

15:20 • 17.12.15

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ռուսական հայտնի «Մաֆիա» խաղի հիման վրա ֆիլմ է նկարել ֆանտաստիկայի ժանրում: «Մաֆիա. Գոյատևման խաղ» անվամբ ֆիլմում ռեժիսորը պատկերացրել է, թե ինչ կարող էր պատահել, երբ խաղը դառնար իրականություն: Ի տարբերություն խաղի՝  ֆիլմում զոհերն իսկապես մահանում են, «Մաֆիան» կրակում է իրական զենքից, իսկ խաղի մասնակիցները դեմ առ դեմ հանդիպում են իրենց վախերի հետ:


Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆիլմի առաջին ցուցադրությունը, որին ներկա էին անձամբ Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, գլխավոր դերակատարները՝ Ռուսաստանում հայտնի դերասաններ Անդրեյ Չադովն ու Նատալյա Ռուդովան և “Каро Прокат” ընկերության գլխավոր տնօրեն՝ Ալեքսեյ Ռյազանցևը, ովքեր ֆիլմը պատրաստի վիճակում տեսան միայն երեկ:
 




Tert.am-ի հետ զրույցում ռեժիսորը պատմեց, որ ինքը միշտ ցանկացել է ռուսական ֆանտաստիկ ֆիլմ նկարել, որի թեման կլինեն ոչ թե Հոլիվուդյան սցենարները, այլ՝ ռուսական իրականությունը:


«Մենք բավական երկար ժամանակ թեմա էինք փնտրում, որը կլիներ հենց մերը՝ ռուսականը, և այն չէին նմանեցնի Հոլիվուդյան սցենարներին: «Մաֆիա» խաղը բացառապես ռուսական է, այն ստեղծվել է 86 թ.-ին, Դմիտրի Դավիդովի կողմից, ով հիմա բնակվում է ԱՄՆ-ում: Այս խաղը բնորոշ է ռուսական մենթալիտետին, ու մեզ չեն կարող մեղադրել, որ հոլիվուդյան ֆիլմերի կրկնօրինակն է»,- նշեց Սարիկ Անդրեասյանը: Վերջինս նշեց, որ «Սինեմա Սթար»-ը ցանկություն էր հայտնել ֆիլմի նախադիտումը կազմակերպել Երևանում, ինչի առիթով իրենք շատ ուրախ են, ուստի` համաձայնել են:
 




Ֆիլմում վախերի հետ առերեսվելու հանգամանքը գայթակղել է դերասան Անդրեյ Չադովին, ով միանգամից համաձայնել է նկարվել կինոնկարում, թեև իրական կյանքում «Մաֆիա» չի խաղում: Անդրեյը Tert.am-ին պատմեց,  որ խաղում պարտվողները ընկնում են ինքնաթիռից, դառնում են օձերի խայթման առարկա և այլն: Դերասանն ասաց, որ իրական կյանքում էլ ինքը վախեր ունի, շատ է վախենում, երբ ինքնաթիռը տուրբուլենտության գոտում է հայտնվում: «Իսկ երբ 16 տարեկան էի, ես ծովում խեղդվելուց եմ փրկվել, ընկել էի մեծ ալիքների մեջ ու անմիջականորեն մահվան հետ առերեսվել»,-անկեղծացավ Անդրեյը:


Նատալյա Ռուդովան Tert.am-ի հետ զրույցում պատմեց իր կերպարի մասին: Դերասանուհին ասաց, որ ֆիլմում ինքը բալետի պարուհու կերպարում է, ով ցանկանում է վերադառնալ մեծ բեմ, բայց այդպես էլ չի կարողանում: «Ճակատագիրը ստիպում է իմ կերպարին դուրս գալ բալետից, բայց ինքը չի կարողանում համակերպվել դրա հետ»,-հավելեց նա:


Նատալյան նշեց, որ որքան էլ ֆիլմը ֆանտաստիկայի ժանրում լինի, այստեղ կա սիրո պատմություն: «Ֆիլմում կա մեկ մեծ գաղափար, որ սերը կփրկի աշխարհը»,-ասաց դերասանուհին: Նա խոստովանեց, որ իրականում «Մաֆիա» խաղի մեծ երկրպագու է, սիրում է «սևերով» խաղալ:
 




Նատալյան առանձնացրեց ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք արվել են «կանաչ» գոտում, և իրենք չեն իմացել, թե ինչ է պատկերվելու նկարահանումներն ավարտելուց հետո:
Նշենք, որ Ֆիլմի նկարահանման համար ծախսվել է 200 միլիոն ռուբլի:


Մեծ էկրաններին կինոյի ամբողջական տարբերակը 2D և 3D ձևաչափերով դուրս կգա հունվարի 1-ից: Այն վաճառվել է աշխարհի 10-20 երկրում՝ սկսած Ֆրանսիայից, վերջացրած Չինաստանով, բայց առաջին բացառիկ նախադիտումը, Հայաստանում էր՝ «Սինեմա Սթար» կինոթատրոնում:
 

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի


 

Ռուս դերասաններ Ա.Չադովն ու Ն. Ռուդովան «Սինեմա Սթար» կինոթատրոնում մասնակցեցին հայ ռեժիսորի «Մաֆիա. Գոյատևման խաղ» ֆիլմի պրեմիերային. լուսանկարներ