ԱՄՆ-ն Թուրքիայից հետ է կանչում 12 կործանիչ
Վաշինգտոնը հայտարարել է Թուրքիայից 12 ռազմական ինքնաթիռ՝ վեց F-15 Eagle կործանիչ և նույնքան F-15 Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչ հետ կանչելու մասին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ինքնաթիռները Թուրքիա էին տեղափոխվել երկրի օդային տարածքը պաշտպանելու հարցում Անկարային աջակցության, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու նպատակով։
F-15-ը հետ կանչելու որոշման մասին հայտարարվել է թուրքական «Ինջիրլիք» ռազմաբազա ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի այցի հաջորդ օրը։
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը միևնույն ժամանակ հայտարարել է, որ դա ընդամենը համընկնում է: Նա նաև նշել է, որ այդ քայլը չի նշանակում Թուրքիայի առաջ ԱՄՆ ստանձնած պարտավորությունների հարցում կամ ԻՊ-ի դեմ պայքարում փոփոխություններ:










