Հնարավոր է՝ թուրքական ղեկավարությունում մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը». Պուտին (տարբերակ 8)
ՌԴ նախագահի ամենամյա մեծ ասուլիսն ավարտվեց երևանյան ժամանակով ժամը 16.10-ին։
15.51
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է տվյալներն այն մասին, թե ՌԴ-ն արդեն 3,5 միլիարդ դոլար է ներդրել Թուքիայի «Աքույու» ատոմային էլեկտրակայանում՝ բացատրելով, որ թուրքական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։
«Թուրքիայում «Աքույու» ատոմակայանի ապագայի հարցը միայն կորպորատիվ է, այն պետք է լուծի «Ռոսատոմը»՝ գործընկերների հետ»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաև մեկնաբանել է «Հարավային հոսք» գազամուղի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ինչ վերաբերում է «Հարավային հոսք» նախագծին։ Մենք պատրաստ էինք այն իրականացնել, բայց մեզ թույլ չտվեցին: Չեն ուզում, թող չուզեն»,- ասել է նա:
14.46
Մոսկվան պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Այդ մասին ամենամյա մեծ ասուլիսին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը նաև հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նշանակումն Օդեսայի նահանգապետի պաշտոնում ուկրաինացի ժողովրդի ուղղությամբ թքել է նշանակում։
Խոսելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ Պուտինը նշել է, որ թեև Ռուսաստանը չի փչացրել այդ հարաբերությունները, բայց պատրաստ է դրանք վերականգնել:
«Ինչ վերաբերում է 2008 թվականի դեպքերին և դրանց հետևած մեր հարաբերությունների դեգրադացիային: Մենք չենք իրավիճակի սրման պատճառը: Պետք չէր նախագահ Սաակաշվիլիին նման ավանտյուրային որոշումներ կայացնել, որոնք հանգեցնելու էին Վրաստանի մասնատմանը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերություններում նկատվում են դրական միտումներ։
14.15
Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ գրեթե անհնար է պայմանավորվել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Գործող թուրքական ղեկավարության հետ, ինչպես ցույց է տվել փորձը, մեզ դժվար է պայմանավորվել կամ գրեթե փաստացիորեն անհնար է: Անգամ երբ և որտեղ մենք ասում ենք «այո», մենք համաձայն ենք, կողքից կամ թիկունքից մեզ հարված են հասցնում, ընդ որում՝ անհասկանալի պատճառներով: Այդ պատճառով պետական մակարդակում ես հեռանկարներ չեմ տեսնում»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ չի տեսնում Թուրքիայի ղեկավարության կողմից փոխհարաբերությունները բարելավելու ոչ մի փորձ:
«Ես չեմ ցանկանում պատասխանել այլ անձանց փոխարեն, այլ պետությունների ղեկավարների փոխարեն: Եթե նրանք հնարավոր և անհրաժեշտ են համարում ինչ-որ բան անել, թող անեն, մենք դեռ ոչինչ չենք տեսնում»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար «արդյոք գնացքը գնացե՞լ է»՝ իրավիճակն ուղղելու համար:
14.06
«Եթե մեզ պետք լինի մեկին բռնել, մենք առանց դրա էլ դա կանենք». հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով Սիրիայում ռուսական ռազմաբազայի նպատակահարմարության մասին:
Պուտինը, խոսելով Սիրիայում ՌԴ զինված ուժերի գործողության ժամկետների մասին, ասել է, որ կշարունակի ռազմական գործողությունն այնքան, որքան սիրիական բանակին հարկավոր լինի իրենց աջակցությունը։
«Մենք չենք պատրաստվում ավելի շատ սիրիացի լինել, քան իրենք՝ սիրիացիները: Կաջակցենք նրանց մինչև քաղաքական գործընթացի սկիզբը»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորումը հնարավոր է, և լավ է որքան հնարավոր է շուտ։
«Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի պատրաստման ուղղությամբ ԱՄՆ-ի նախաձեռնությանը»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախաձեռնությունը ձեռնտու կլինի նաև սիրիական ղեկավարությանը։
Ով կղեկավարի Սիրիան՝ կորոշի միայն իր ժողովուրդը։ Ընդ որում՝ Պուտինն ընդգծել է, որ զիջումներ պետք է լինեն երկու կողմից:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է նաև, որ սիրիական խնդրի կարգավորման այլ ճանապարհ չկա, քան քաղաքականը, «այդ առումով ռուսական ծրագիրը գրեթե համընկնում է ամերիկյանի հետ»։
13.51
ՌԴ նախագահն ամենամյա մեծ ասուլիսին չի բացառել, որ թուրքական ղեկավարությունում մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»՝ կործանելով ռուսական Սու-24-ը։
«Եթե թուրքական ղեկավարությունում մեկը որոշել է ամերիկացիների համապատասխան տեղը լիզել, չգիտեմ՝ հարկավո՞ր է դա արդյոք ամերիկացիներին»,- ասել է Պուտինը:
«Եթե թուրքական ավիացիան ավելի վաղ խախտում էր Սիրիայի օդային տարածքը, դե թող հիմա թռչեն»,- ասել է նա՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ կապված հարցին։
Նոյեմբերի 24-ին Թուրքիայի իշխանությունների գործողությունը բարեկամական քայլ չէր, այլ թշնամական գործողություն, հայտարարել է նա։
«Մեզ հատկապես վրդովեցրել է այն, որ եթե դա դժբախտ պատահար լիներ, ապա անմիջապես հեռախոսը կվերցնեին և կբացատրվեին: Դրա փոխարեն անմիջապես վազեցին Բրյուսել՝ մեզ վիրավորում են: Սկսեցին թաքնվել ՆԱՏՕ-ի հետևում, իսկ նրանց նույնպես դա պետք չէ»,- հայտարարել է Պուտինը:
Նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է եղել համագործակցել Թուրքիայի հետ իր համար զգայուն հարցերի շուրջ:
13.34
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի կողմից Սու-24-ի խոցումը թշնամական ակտ է որակել։ Այդ մասին նա ասել է ամենամյա մեծ մամուլի ասուլիսին։
13.22
Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի գագաթնակետն անցել է։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական տնտեսությունը հիմնականում հաղթահարել է ճգնաժամը։ Ամեն դեպքում՝ ճգնաժամի գագաթնակետը»,- հայտնել է Պուտինը:
Նա հավելել է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակից նկատվում են գործնական ակտիվության կայունության նշաններ:
Պուտինը նշել է, որ ճգնաժամից դուրս գալու հին կանխատեսումները կառուցվում էին՝ ելնելով նրանից, որ նավթի 1 բարելն արժենալու է 100 դոլար, սակայն նավթի ներկայիս գնի դեպքում էլ ճգնաժամի գագաթնակետը հաղթահարված է։ Պուտինը հավելել է, որ նկատվել է արդյունաբերական արտադրության փոքր աճ, բարելավվում է աշխատաշուկայում իրավիճակը, նվազել է նաև արտաքին պարտքը, նկատվում է նաև կապիտալի որոշակի հոսք։
Մոսկվայում երևանյան ժամանակով ժամը 13.03-ին մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը, որը կդառնա նրա նախագահության օրոք 11-րդը։
Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը սկսվելուց դեռ 3 օր առաջ արդեն առաջին ռեկորդն է սահմանել։ ՌԴ նախագահի մամուլի ասուլիսին այս տարի հավատարմագրվել է 1390 լրագրող, ինչը նոր ռեկորդ է։
Նախորդ առավելագույնը գրանցվել էր 2008-ին, երբ հավատարմագիր էր ստացել 1364 լրագրող։
Պուտինի ամենաառաջին մամուլի ասուլիսի ժամանակ` 2001-ին, ներկա է եղել մոտ 500 լրագրող:
Ուղիղ եթերով ասուլիսը հեռարձակում են մի քանի հեռուստաընկերություններ և ռադիոկայաններ։










