Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմով» այսօր կեզրափակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքը
Կոմիտասի անվան կամերային նվագախումբը, կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբն այսօր համատեղ համերգով կեզրափակեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Ծրագրում ներառված է նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը» (մենակատարներ՝ Էռա Հովսեփյան, Աշոտ Ղանթարջյան, դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), հանդես կգա Գերմանիայից հրավիրված՝ Ֆրանկֆուրտի Կամերային նվագախմբի դիրիժոր Ալբերտ Բաուեր Կլաոսը:
Կամերային նվագախմբի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը նշեց, որ ազգովի ունենք գրված մեկ «Ռեքվիեմ», և դա գրվել է Մանսուրյանի կողմից, որը հերթական անգամ կհնչի այսօր իրենց կողմից:
Նա ամփոփեց ապրիլի 24-ից երգչախմբի համերգների շարքը, որից առանձնացրեց Մեխիկոյի փառատոնին իրենց մասնակցությունը, երբ մի ամբողջ օր նվիրվել է հայ մեծանուն կոմպոզիտորին և նրա ստեղծագործությանը:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ հավելեց, թե այդ օրերին, երբ կհնչեր ռեքվիեմը Մեքսիկայում, պարզվեց՝ թուրքական դեսպանատան կողմից ճնշում էր եղել, որ չհայտարարվի զոհերի ոգեկոչման օր։
«Դա եղել է լուրջ դիմադրության արդյունքում, որի համար մեծ ջանքեր են գործել ՀՀ դեսպանատունը և հայ հասարակական գործիչները: Ընդհանուր առմամբ՝ տեղ հասցվեց այն գաղափարը, որ իրազեկվի հանրությունը»,-ասաց նա:
Բացի ռեքվիեմից, մաեստրոն տեղեկացրեց, որ ևս երկու գործ ունի 1915թ-ի իրողությունների հետ կապված. «Այդ գործը, ինչպես նաև«Ռեքվիեմը», հնչեցին Գերմանիայում: Հայտարարվեց, որ դրանք նվիրված են Ցեղասպանության զոհերի հիշատակին: Գերմանացիներն ընդգծում են դա»:
Ի դեպ, Տիգրան Մանսուրյանը նշեց, թե երազանք է իր այդ երեք գործը համատեղ հնչելը. «Այդ երազանքը ունեի, բայց մեկ բան է, որ որպես հեղինակ ծրագրում ես, մեկ այլ բան, որ մարդիկ ավելի լայն հայացքով են նայում և հրապարակում այնպես, ինչպես նպատակահարմար է»:
Ֆրանկֆուրտի Կամերային նվագախմբի ղեկավար Ալբերտ Բաուեր Կլաոսը նշեց, որ այսօր անձամբ էր ցանկություն հայտնել ծրագրում մասնակցություն ունենալ, քանի որ Մանսուրյանի երաժշտությունը իր հոր շնորհիվ լսել էր ու «անորսալի զգացողություններ» ունեցել:
Երաժշտագետ Մհեր Նավոյանը, պատասխանելով այն հարցին, թե երաժշտության լեզվով կարողացան փոխանցել 100-ամյակի ոգեկոչումը, պատասխանեց, որ դա քաղաքական ենթախորքի հարց է: «Եղեռնի մասին խոսելն այս տարի չէ, որ սկսել ենք, մենք եղեռնի մասին խոսել ենք 100 տարի և դեռ խոսելու ենք: 100-ամյակի մասին ինչպես կարող է պատմել, երաժշտությունն այդպիսի խնդիր է դնում իր մեջ: Իմ կարծիքով՝ երաժշտության նպատակը ոչ միայն դա էր մարդկանց հասցնելը, այլ որ, եթե մենք 100 տարի հետո կանք ու հսկայական արվեստ ենք տարածում, ուրեմն մենք վավերացնում ենք, որ գենոցիդը կասեցվել է, և ըստ էության հաղթել ենք, և ունենք մեծեր, որոնք այդ ողբերգությունը վավերագրում են ռեքվիեմով»,-ասաց նա:










