Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութից գումար է հափշտակվել (տեսանյութ, լուսանկարներ)
Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութից կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2015 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 12:30-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող անվադողերի խանութի սրահում՝ աշխատակցի պիջակի գրպանից, հափշտակվել է անվադողերի վաճառքից գոյացած գումարը՝ ընկերությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է առերևույթ հանցագործության դրվագը:
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ նշված երիտասարդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:












