Կարաոկեն ստեղծած Դայսուկե Ինոուեն խոստովանել է, որ ամաչում է երգել
Կարաոկեն ստեղծած Դայսուկե Ինոուեն խոստովանել է, որ ռուսական երգերից գիտի միայն «Կատյուշան», սակայն կարաոկեում հազվադեպ է երգում, քանի որ ամաչում է իր ձայնային տվյալներից, գրում է РИА Новости-ն:
75-ամյա ճապոնացին Մոսկվա է ժամանել առաջին անգամ` ռեժիսոր Ժորա Կրիժովնիկովի և պրոդյուսեր Տիմուր Բեքմամբեթովի «Ամենալավ օրը» ֆիլմի պրեմիերային մասնակցելու։
«Ռուսական երգերից ես գիտեմ միայն «Կատյուշա» երգը, որը, ի դեպ, կարելի է պատվիրել ճապոնական կարաոկե ակումբներում: Սակայն ես այդ տեղերում արդեն չեմ երգում, քանի որ այժմ կարաոկեի սիրահարները մակարդակով քիչ են տարբերվում պրոֆեսիոնալներից, և ես սկսել եմ ամաչել իմ վոկալային տվյալներից»,- ասել է Ինոուեն:
Նա նաև նշել է, որ ֆիլմն իրեն դուր է եկել, շատ զվարճալի է եղել: Ինոուեի խոսքով` կատակների մեծ մասն իրեն հասկանալի են եղել, թեև ինքն այլ մշակույթի մարդ է: Եվ դերասանները ֆիլմում շատ ավելի լավ են երգում, քան ինքը, թեև նրանցից շատերը դա անում են առաջին անգամ:
Ճապոնացի թմբկահար Ինոուեն 1971-ին հորինել է սարք, որը կարողանում է արտաբերել երաժշտությունն առանց բառերի: Նա հորինել է նաև «կարաոկե» բառը, որը կազմված է 2 բառից` ճապոնական «կարա»` դատարկություն, և անգլերեն «orchestra»` նվագախումբ բառերից:










