ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացու վիրավորված զինծառայողը Վեդիից էր, այսօր տեղի կունենա նրա հոգեհանգիստը

14:34 • 18.12.15

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված  զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը Արարատի շրջանի Փոքր Վեդի գյուղից էր: Tert.am-ի հետ զրույցում  Գոռ Օհանյանի ընտանիքի մասին մանրամասներ հայտնեց Փոքր Վեդու գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը:


«Շատ լավ ընտանիք է, մայրը դպրոցում մանկավարժ է, տղան ունի քույր, որը դպրոցն ավարտել է, այժմ Երևանում ուսանող է, եղբայրն էլ գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում է սովորում»,– տեղեկացրեց գյուղապետը։

 

Նա հավելեց, որ Գոռը 2012թ.-ին ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտը, այնտեղից գործուղվել է դեպի Մարտակերտ, որտեղ 3 տարի ծառայում էր, ավագ լեյտենանտ էր:


«Ամուսնացած չէր, պատրաստվու՞մ էր, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել»,- Tert.am-ի հարցին ի պատասխան` ասաց գյուղապետը:


Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ Գոռ Վահանի Օհանյանի դին գտնվում էր Արտաշատի դիահերձարանում. «Այսօր տեղի կունենա Գոռ Օհանյանի քաղաքացիական հոգեհանգիստը»: 
 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացու վիրավորված զինծառայողը Վեդիից էր, այսօր տեղի կունենա նրա հոգեհանգիստը